Մեծ Բրիտանիան Չագոս արշիպելագի նկատմամբ ինքնիշխանությունը հանձնեց Մավրիկիոսին՝ տարիներ շարունակ վեճերից հետո
Մեծ Բրիտանիան Հնդկական օվկիանոսում գտնվող Չագոս արշիպելագի նկատմամբ ինքնիշխանությունը փոխանցում է Մավրիկիոսին։ Որոշումը հրապարակվել է այսօր։ Մավրիկիոս կղզի պետությունը 50 տարի պահանջում է փոխանցել նշված արշիպելագը։ ՄԱԿ-ի անդամների մեծամասնությունը չի ճանաչել արշիպելագի նկատմամբ բրիտանական վերահսկողությունը։
Չագոս կղզիները մնացին բրիտանական տիրապետության տակ այն բանից հետո, երբ 1968 թվականին Մավրիկիոսը անկախություն հռչակեց։ 1966-1973 թվականներին տեղի բնակչությունը վտարվել է կղզիներից։ Դիեգո Գարսիա՝ արշիպելագի ամենամեծ կղզում, տեղակայվել է ամերիկյան ռազմաբազա։ Ներկայումս այս բազան համատեղ կառավարվում է Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի կողմից։
2000 թվականին Անգլիայի Գերագույն դատարանը անօրինական է ճանաչել տեղի բնակչության վտարումը Չագիոս արշիպելագից։ 2019 թվականին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը եզրակացրեց, որ Չագոս արշիպելագի անջատումը Մավրիկիոսից խախտում է միջազգային իրավունքը։
Նույն թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան պահանջեց Լոնդոնին կես տարով դուրս բերել վարչակազմը կղզիներից։ Բանաձևին դեմ է քվեարկել 6 երկիր՝ Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Մալդիվները, Իսրայելը և ԱՄՆ-ը, 56 երկիր ձեռնպահ է մնացել, իսկ 116-ը աջակցել է փաստաթղթին։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կղզու հանձնումը կփակի անօրինական միգրանտների՝ արշիպելագով թագավորություն մուտք գործելու հնարավորությունը։ Հայտարարության համաձայն՝ կղզիների փոխանցման մասին համաձայնագրին աջակցում է ԱՄՆ-ը։ Բացի այդ, ըստ բրիտանական լրատվամիջոցների, Լոնդոնը կպահպանի Դիեգո Գարսիա արշիպելագի ռազմաբազայի վերահսկողությունը առնվազն 99 տարի։