Դիալիզի թերապիան արդեն հասանելի է Մեստիայում. այն շահառուները, ովքեր պետք է մեկնեին Զուգդիդի կամ տեղափոխվեին Թբիլիսի այս ծառայությունը ստանալու համար, ծառայությունները կստանան տեղում։ Այդ մասին տեղեկություն է տարածում Առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Մեստիայի քաղաքային հիվանդանոցը լիովին հագեցած է դիալիզի թերապիայի համար։ Շահառուներին առաջին փուլում կսպասարկեն «Ռուխի» կլինիկայի բժիշկները, իսկ առաջիկայում նրանց կփոխարինեն նախարարության կողմից հատուկ վերապատրաստված կադրերը։
Նոր ծառայության ներդրման կապակցությամբ օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարն այցելել է Մեստիայի քաղաքային հիվանդանոց։ Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով, մոտ ապագայում դիալիզի թերապիան հասանելի կլինի Թիանեթիում, Ղազբեգիում, Ամբրոլաուրիում և այլ մունիցիպալիտետներում։