Մերձավոր Արևելքում վերջին շրջանի լարվածության ֆոնին Օմանում ամերիկյան և իրանական կողմերի միջև բանակցություններ կանցկացվեն
ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին շրջանի լարվածությունը վերացնելու նպատակով այսօր Օմանում բանակցություններ կանցկացվեն։ Այս մասին տեղեկությունը տարածում է «ԲիԲիՍի»-ն:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորեն Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ Բանակցություններին մասնակցելու համար Օման է մեկնում նաև Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
Ինչպես գրում է «ԲիԲիՍի»-ն, Վաշինգտոնի ցանկությունն է, որ Իրանը հրապարակավ հայտարարի, որ Հորմուզի նեղուցը բաց է, և պարտավորվի դադարեցնել կրակ բացել առևտրային նավերի ուղղությամբ։
Ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնում են, որ Թեհրանը անձնական զրույցներում Դոնալդ Թրամփի խորհրդականներին տեղեկացրել է, որ Հորմուզի նեղուցում տեղի ունեցած միջադեպը՝ նավի ուղղությամբ կրակ բացելը, սխալմունք է եղել, և Իրանը պատասխանատվությունը դնում է իրանական խմբավորումներից մեկի վրա, որը կողմնակից է ավելի կոշտ քաղաքականության վարմանը և փորձում է տապալել բանակցությունները։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վաշինգտոնը ցանկանում է, որ Իրանը հրապարակավ ընդունի իր սխալը։