Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով Լյուֆթհանզան երկարաձգել է դեպի Թեհրան թռիչքների դադարեցումը
Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով գերմանական Լյուֆթհանզա ավիաընկերությունը երկարաձգել է դեպի Թեհրան թռիչքների դադարեցումը։
Ավիաընկերության որոշմամբ՝ դեպի Թեհրան թռիչքները կդադարեցվեն մինչև ապրիլի 13-ը։
Սկզբում Լյուֆթհանզան հայտարարել էր թռիչքները երկու օրով դադարեցնելու մասին։
Լյուֆթհանզան և նրա դուստր ձեռնարկությունը՝ Ավստրիական ավիաընկերություններ արևմտյան միակ ավիաընկերություններն են, որոնք թռիչքներ են իրականացնում դեպի Թեհրան:
Իրավիճակը Մերձավոր Արևելքում սրվել է ապրիլի սկզբից, երբ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման հետևանքով զոհվեցին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի յոթ անդամներ, այդ թվում՝ էլիտար ստորաբաժանման հրամանատարներից մեկը:
Իրանը հարվածի համար մեղադրում է Իսրայելին և սպառնում պատասխան քայլերով։ Երեկ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասել է, որ Իսրայելը պետք է պատժվի և կպատժվի հյուպատոսության վրա հարձակման համար։ Իսրայելը պաշտոնապես չի հաստատել, որ հարձակումն իրականացվել է Դամասկոսում իր ուժերի կողմից։ Սակայն Պենտագոնը հայտարարել է, որ Իրանի հյուպատոսության վրա հարձակման հետևում կանգնած է Իսրայելը։