Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին Իրանը ժամանակավորապես դադարեցնում է օդային հաղորդակցությունը
Իրանի իշխանության որոշմամբ՝ երկրում 24 ժամով կդադարեցվեն չվերթները։
Ինչպես պարզաբանել են Թեհրանում, այս քայլն արվել է «տարածաշրջանում չվերթների անվտանգությունն ապահովելու համար»։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Իրանի հրթիռային հարձակումները Իսրայելի վրա լուրջ խնդիրներ են առաջացրել Մերձավոր Արեւելքի օդային տարածքում։
Մի քանի ավիաընկերություններ փոխել են երթուղիները կամ չեղարկել են չվերթները։ Դրանց թվում են՝ Etihad Airways, Emirates Airlines, Qatar Airways, Flydubai: Ավիաընկերությունները չեղյալ են հայտարարել բոլոր չվերթները դեպի Իրաք և Իրան, մի քանիսը նաև դեպի Իսրայել և Հորդանան:
Տեղեկության համար, Թեհրանը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել չվերթները Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրման ֆոնին։ Հոկտեմբերի մեկին Իրանը հրթիռային հարձակում գործեց Իսրայելի վրա, Իսրայելի ուղղությամբ արձակվեց մոտ 180 բալիստիկ հրթիռ։
Թեհրանն ասել է, որ դա պատասխան է «ՀԱՄԱՍ»-ի ու «Հեզբոլլահի» առաջնորդների, ինչպես նաև Իրանի պահակազորի գեներալի սպանությանը։
Իրանն առաջին հրթիռային հարձակումն իրականացրեց Իսրայելի վրա ապրիլին։ Այն ժամանակ Իսրայելը հակահարված չտվեց Իրանին, թեև Թեհրանին սպառնում էր կոշտ պատասխան տալ։
Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում, այդ թվում՝ երկրի մայրաքաղաք Բեյրութում, իսկ Լիբանանի հարավում շարունակվում է Իսրայելի ցամաքային ռազմական գործողությունը։