Մենք վճռական ենք մեր երկրի և տարածաշրջանի համար բացել խաղաղ զարգացման դարաշրջան. Նիկոլ Փաշինյան

12:56, 12.05.2022

Մենք վճռական ենք բացել խաղաղ զարգացման դարաշրջան մեր երկրի և մեր տարածաշրջանի համար։ Այս մասին Հաագայում Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով, ինքը հոլանդացի գործընկերոջ հետ քննարկել է նաև հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում ընթացող գործընթացները։

«Պետք է ասեմ, որ 2021 թվականին ուժի մեջ է մտել Հայաստան-Եվրամիություն Համապարփակ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը, ըստ էության, միասնական ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն է։ Մենք վճռական ենք այս ծրագիրը լիարժեք իրականացնելու հարցում, որոշել ենք մեր երկրի և մեր տարածաշրջանի համար բացել խաղաղ զարգացման դարաշրջան։ Մենք խոսեցինք նաև հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում ընթացող գործընթացների մասին, և ես ուրախ եմ ասել, որ մենք ունենք ընդհանուր ըմբռնում այդ գործընթացների վերաբերյալ, ընդհանուր ըմբռնում, որ խաղաղության օրակարգն իսկապես պետք է իրագործվի։ Բայց մենք բոլորս գիտենք, որ դա անհնար է առանց միջազգային հանրության աջակցության, և մենք ուրախ ենք, որ մեր միջազգային գործընկերները հասկանում են մեր օրակարգը»,- ասել է Փաշինյանը հոլանդացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։

Նմանատիպ