Մենք կապահովենք, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան ռազմավարական ձախողում լինի. Ուրսուլա Ֆոն Դեր Լեյեն
Մենք կապահովենք, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան ռազմավարական ձախողում լինի. Ուրսուլա Ֆոն Դեր Լեյեն

Մենք կապահովենք, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան ռազմավարական ձախողում լինի, – այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը, Նյու Դելիում միջազգային ֆորումում, որին մասնակցում էին Հնդկաստանի վարչապետն ու արտգործնախարարը։

Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան անվանել է ուղղակի սպառնալիք եվրոպական անվտանգության համար՝ նշելով, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, իր ազդեցությունը կունենա նաև հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա։

«Եվրոպայում մենք ռուսական ագրեսիան դիտարկում ենք որպես ուղղակի սպառնալիք մեր անվտանգությանը։ Մենք կապահովենք, որ Ուկրաինայի դեմ չպատճառաբանված և չարդարացված ագրեսիան ռազմավարական ձախողում լինի»,- ասել է Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը։

Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահը խոսել է Ուկրաինայում ռուսական ուժերի կատարած հանցագործությունների մասին և հիշեցրել Բուչա կատարած իր այցը։

«Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման պատկերները ցնցել են և ցնցում են ողջ աշխարհը։ Երկու շաբաթ առաջ ես գտնվում էի Բուչայում՝ Կիևի ծայրամասում, որը ոչնչացվել էր ռուսական ուժերի կողմից։ Ես իմ աչքերով տեսա գետնին կուտակված դիակները։ Ես տեսա զանգվածային գերեզմաններ։ Ես լսում էի Կրեմլի զինվորականների կատարած վայրագություններից փրկվածներին։ Ես տեսա ռմբակոծված դպրոցներ, տներ և հիվանդանոցներ: Անմեղ քաղաքացիների թիրախավորումն ու սպանությունը, սահմանները փոխելու համար ուժի կիրառումը, ազատ ժողովրդի կամքի ենթարկումը միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ են»,- ասել է Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը։