Իսանի թաղամասում սկսվել է Քեթեւան թագուհու պողոտայի ամբողջական վերականգնումը,- այդ մասին Թբիլիսիի քաղաքապետարանի կառավարության նիստում ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Ինչպես նշեց նա, ենթակառուցվածքային աշխատանքները կիրականացվեն մի քանի փուլով, իսկ առաջին փուլում Քեթեւան թագուհու պողոտայում կվերականգնվեն ստորգետնյա հաղորդակցությունները։
«Սկսում ենք Քեթեւան թագուհու պողոտայի ամբողջական վերականգնումը։ Ենթակառուցվածքի նախագիծը ներառում է երկու կիլոմետրանոց ճանապարհ՝ «Ավլաբարի» մետրոյի կայարանի շրջակայքից մինչև Լեխ Կաչինսկիի նոր վերանորոգված փողոց։ Աշխատանքները կբաժանվեն մի քանի փուլերի: Առաջին փուլը ստորգետնյա հաղորդակցությունների կազմակերպումն է։ Կնորոգվեն կոյուղու և ջրի խողովակները, կկազմակերպվի ջրահեռացման համակարգ, ինչպես նաև գետնի տակ կտեղադրվեն էլեկտրահաղորդման գծեր։ Պողոտայում կկազմակերպվեն լուսավորության նոր համակարգ և ավտոբուսային երթուղիներ։ Նաև կտեղադրվեն ստորգետնյա աղբամաններ»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, վերականգնողական աշխատանքների ընթացքում երթեւեկությունը մասամբ կսահմանափակվի։ Այս փուլում փակ կլինի մետրոյի «Ավլաբարի» կայարանից մինչև Թելավի փողոցի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը։
Մայրաքաղաքի քաղաքապետը, սակայն, ներողություն է խնդրել բնակչությանից պատճառված անհանգստության համար և նշել, որ առանց որոշակի սահմանափակումների պողոտայի ամբողջական վերականգնում չի կարող իրականացվել։
«Փողոցն ամբողջությամբ չի փակվելու։ Մենք ցանկանում ենք, որ ավտոմոբիլային երթեւեկությունը որոշ չափով թույլատրվի։ Առաջին փուլում փակ կլինի մետրոյի «Ավլաբարի» կայարանից մինչև Թելավի փողոցի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը։ Ծրագիրը կտևի յոթից ութ ամիս։ Թբիլիսիի քաղաքապետարանն արդեն մանրամասն տեղեկատվություն է հրապարակել ինչպես մասնավոր, այնպես էլ հասարակական տրանսպորտի այլընտրանքային երթուղիների մասին։ Բոլոր հետաքրքրված անձինք նշված տեղեկատվությանը կարող են ծանոթանալ Թբիլիսիի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։ Աշխատանքների ընթացքում ուշացումներ, բնականաբար, կլինեն։ Սրա համար հայցում եմ հանրության ներողամտությունը, սակայն Թբիլիսիի քաղաքապետարանն առանց հանրության չի կարողանա վերականգնել պողոտան։ Մենք չենք ցանկանում, որ աշխատանքը մակերեսային լինի և միայն ասֆալտապատվի։ Այստեղ ամեն ինչ կդասավորվի այնպես, ինչպես մեր մյուս ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ժամանակ»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։