Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնական այցը Ուկրաինա: Լվովի միջազգային օդանավակայանում Վրաստանի վարչապետին դիմավորել են նրա ուկրաինացի գործընկեր Դենիս Շմիգալը, Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը, նախարարների կաբինետի նախարար Օլեգ Նեմչինովը, Լվովի մարզային շտաբի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին, Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադավոյը, Վրաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Դոլգովը և Ուկրաինայում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն:
Վրաստանի վարչապետի պատվին տեղի ունեցավ ավանդական արարողություն:
Վրաստանի կառավարության ղեկավարին այսօր Լվովում հյուրընկալում է իր ուկրաինացի գործընկերը:
Վաղվանից պաշտոնական հանդիպումներ կանցկացվեն Կիեւում: Իրակլի Ղարիբաշվիլին կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, վարչապետ Դենիս Շմիգալի և Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովի հետ: Կառավարության ղեկավարը կմասնակցի նաև Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովին, որին մասնակցում են ավելի քան 40 պետությունների ղեկավարներ:
Վարչապետի գլխավորած վրացական պատվիրակության կազմում են փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին: