Մեկնարկել է ազգային փոքրամասնություններին կորոնավիրուսի հետ կապված տեղեկություն տրամադրելու հերթական արշավը
Հաշվի առնելով երկրում համաճարակային իրավիճակը, հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետական նախարարի գրասենյակի կողմից սկսվել է տեղեկատվական արշավ՝ ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվով կորոնավիրուսի մասին կարևոր տեղեկատվության հասանելիությունը հեշտացնելու նպատակով:
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետական նախարարի ապարատի փոխանցմամբ, տեղեկատվական արշավը կիրականացվի մի քանի փուլով:
«Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին օպերատիվ տեղեկացնելու նպատակով, պետնախարարի ապարատի նախաձեռնությամբ, պատրաստվել և տարածվել են տեղեկատվական բրոշյուրներ էթնիկ փոքրամասնությունների համար՝ իրենց մայրենի լեզուներով, սահմանված կանոնակարգերի և կորոնավիրուսի հետ կապված հաճախակի տրվող հարցերի վերաբերյալ:
Մինչև 100 000 բրոշյուր կբաժանվի Քվեմո-Քարթլի, Սամցխե-Ջավախեթի և Կախեթի ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված գյուղերում, մունիցիպալ կենտրոններից հեռու այն գյուղերում, որտեղ էլեկտրոնային ալիքներով տեղեկատվության հասանելիությունը խնդիր է:
Տեղեկատվական նյութերի տարածումը կապահովեն տեղի ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները՝ դռնեդուռ սկզբունքով:
Պետնախարարի ապարատի ջանքերով մի խումբ երիտասարդ կամավորներ կստանան հատուկ վերապատրաստում կորոնավիրուսի հետ կապված հարցերի վերաբերյալ, որոնք կիրականացվեն Վրաստանի առողջապահության նախարարության ներգրավածությամբ: Դասընթացի ընթացքում մասնակիցներին կտրվի տեղեկատվություն այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են՝ կորոնավիրուսի կանխարգելման և կառավարման կանոնները, սահմանափակումներն ու կանոնակարգերը, պետական օգնություներն ու արտոնությունները, մեկուսացման և կարանտինի կանոնները և այլ հրատապ հարցեր:
Դասընթացից հետո հասակակից ուսուցիչների մի խումբ կամավոր հիմունքներով հեռակա հանդիպումներ կանցկացնի էթնիկ փոքրամասնությունների երիտասարդների հետ և կտրամադրի տեղեկատվություն հայերեն և ադրբեջաներեն լեզուներով:
Պետական նախարարի ապարատը, համագործակցելով Վրաստանի կառավարության վարչության հետ, հատուկ դասընթաց և աշխատանք է տրամադրել մի քանի երիտասարդների կառավարության թեժ գծում՝ 144-1, ովքեր կապահովեն քաղաքացիների խորհրդատվություն և համապատասխան ծառայություններ, այդ թվում` հայերեն և ադրբեջաներեն լեզուներով՝ տեղաշարժի սահմանափակման ժամանակ քաղաքացիների անհետաձգելի հանգամանքների դեպքում անցաթուղթ տրամադրելու վերաբերյալ:
Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ էթնիկ փոքրամասնությունների իրազեկման արշավն իրականացվում Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (USAID), Վրաստանի ՄԱԿ-ի ասոցիացիայի (UNAG) «Հանդուրժողականություն, քաղաքացիական իրազեկման և ինտեգրման աջակցության ծրագրի» (PITA) շրջանակներում: