Մցխեթա-Մթիանեթի պետական վարչակազմից հայտնում են, որ երկրաբաններն ուսումնասիրել են Շիոմղվիմե վանքի մերձակայքում տիրող իրավիճակը և համապատասխան առաջարկություններ են արել
Մցխեթա-Մթիանեթի պետական հանձնակատարի տեղակալ Գոչա Քավթարաձեի խոսքով, երկրաբանական ծառայությունն ավարտել է Շիոմղվիմե վանքի տարածքի նախնական լրացուցիչ ուսումնասիրությունները և համապատասխան հանձնարարականներ տվել։
Նրա պարզաբանմամբ, հանձնարարականի հիման վրա առաջիկա ժամերին կսկսվեն վանքի աջ կողմում ընկած զանգվածի հեռացման աշխատանքները։
«Համապատասխան մասնագետները տեղում էին, ուսումնասիրեցին ստեղծված իրավիճակը, մի քանի ժամից կսկսվեն մաքրման աշխատանքները։ Առաջարկվել է մասնակի սահմանափակել վանքի աջ կողմում՝ ժայռի վրա գտնվող տարածքը, սահմանափակվելու է ուխտավորների, զբոսաշրջիկների ու վանականների տեղաշարժը։ Միաժամանակ մենք կշարունակենք դիտարկել։ Առայժմ երկրաբաններն ուսումնասիրել են ներկա իրավիճակը և տվել համապատասխան առաջարկություններ»,- ասել է Գոչա Քավթարաձեն։