Մայքլ Քարփենթեր. ԵԱՀԿ-ի միակ անդամը, որը ներխուժել է երկու հարեւանների տարածք, դա Ռուսաստանն է
ԵԱՀԿ-ի միակ անդամը, որը ներխուժել է երկու հարեւանների տարածք, Ռուսաստանն է,- ԵԱՀԿ Մշտական խորհրդում Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը։
«Ռուսաստանի հետ երկխոսությանը զուգահեռ մենք պետք է հստակ ասենք, որ չենք խրախուսելու ազդեցության ոլորտները, չենք խրախուսելու երկրների՝ դաշինքներ ընտրելու իրավունքի սահմանափակումը։ Մենք չենք խրախուսի որևէ երկրի անվտանգության կարիքներին արտոնությունների տրամադրումը։ Ճշմարտությունն այն է, որ ԵԱՀԿ-ում կա միայն մեկ երկիր, որը ներխուժել է երկու հարեւանների տարածք և նրանց կամքին հակառակ ռազմական ուժեր է տեղակայել այդ երկրների տարածքում։ Սա միակ երկիրը Ռուսաստանն է», – ասել է Քարփենթերը։
Նրա խոսքով, այնուամենայնիվ, ԱՄՆ-ը պատրաստ է ձեռք մեկնել Ռուսաստանին և իրական երկխոսություն սկսել։ Այնուամենայնիվ, Քարփենթերի խոսքերով, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանների երկայնքով հարյուր հազարավոր զինվորականների և ռազմական տեխնիկայի մոբիլիզացումը լուրջ հարցեր է առաջացնում Մոսկվայի մտադրությունների վերաբերյալ:
«Մենք պետք է պատրաստ լինենք էսկալացիայի։ Այդ իսկ պատճառով նախագահ Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պատրաստ են էական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Այնուամենայնիվ, գերադասում ենք դիվանագիտությունը, քան էսկալացիան»,- ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը։
Քարփենթերի խոսքով, ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության ընթացքում առաջնահերթություն կլինի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Բելառուսի և այլ հակամարտությունների, այդ թվում՝ Հարավային Օսեթիայի և Աբխազիայի իրավիճակը: