Մայիսի 22-ին մեկնարկում է առաջինդասարանցիների համընդհանուր գրանցումը
Առաջին դասարանցիների համընդհանուր գրանցումը կսկսվի մայիսի 22-ին՝ ժամը 09:00-ից, և կտևի մինչև հունիսի 17-ը ներառյալ։
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության տեղեկությամբ՝ գրանցումն իրականացվելու է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում՝ registration.emis.ge։
Նրանց տեղեկացմամբ՝ երեխայի գրանցումն իրականացվում է ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից։
«Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտի ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը դպրոցներում տեղի կունենա հունիսի 18-ից 27-ը ներառյալ։ Եթե փաստաթղթերը սահմանված ժամկետում չեն ներկայացվում, գրանցումը ավտոմատ կերպով չեղարկվելու է», – նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Առաջին դասարան ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
-
օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված դիմում, որը պետք է պարունակի ներկայացուցչի բնակության հասցեն և հեռախոսահամարը, և պետք է համապատասխանի Վրաստանի ընդհանուր վարչական օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված պահանջներին,
-
ներկայացուցչի անձնագրի պատճեն,
-
բնակության իրավունքի փաստաթղթի պատճեն՝ եթե կա,
-
երեխայի ծննդյան վկայականի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճեն, կամ բնակության իրավունքի փաստաթուղթ՝ եթե կա։
Արտասահմանյան լեզվով ներկայացված փաստաթղթերին պետք է կցվի վրացերեն թարգմանություն՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։
Նախարարությունը հիշեցնում է, որ ըստ «Ընդհանուր կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների՝ 2025-2026 ուսումնական տարում առաջին դասարանում կարող են գրանցվել այն երեխաները, որոնք մինչև դեկտեմբերի 31-ը դառնում են 6 տարեկան։ Բացի այդ, երեխաների ծնողները, որոնց երեխաները դառնում են վեց տարեկան սեպտեմբերի 16-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, կարող են ընտրել՝ շարունակել նախադպրոցական ծրագիրը, թե գրանցել երեխային դպրոցում։
Կրթության նախարարությունը կոչ է անում ծնողներին ուշադիր ծանոթանալ գրանցման ժամկետներին և պայմաններին՝ երեխայի դպրոցում ընդունումն առանց խոչընդոտների իրականացնելու համար։