Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում պաշտոնապես առաջադրել է գործարար Վասիլե Տոֆանիին

15:58, 11.07.2026

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն գործարար Վասիլե Տոֆանին պաշտոնապես առաջադրել է վարչապետի պաշտոնում։

Ինչպես առաջադրման ժամանակ նշել է Տոֆանին, սա իր համար մեծ պատասխանատվություն է, և ինքն ամեն ինչ կանի բնակչության սպասելիքները արդարացնելու համար։

«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը: Սա ձեռքբերում չեմ համարում. սա մեծ պատասխանատվություն է, և ես ծանրաբեռնված եմ այդ պատասխանատվությամբ: Ամեն ինչ կանեմ, որպեսզի արդարացնեմ մոլդովացիների սպասելիքները։ Հուսով եմ՝ որքան հնարավոր է շուտ կսկսեմ աշխատանքը՝ մոլդովացիների կյանքը բարելավելու համար», – նշել է Տոֆանին:

Մոլդովայի սահմանադրության համաձայն՝ նախագահի կողմից վարչապետի թեկնածուի պաշտոնական առաջադրումից հետո, թեկնածուն 15-օրյա ժամկետում խորհրդարան է ներկայացնում կառավարության ծրագիրն ու նախարարների ամբողջական կազմը՝ վստահության քվե ստանալու համար։ Եթե խորհրդարանը ընտրված պատգամավորների մեծամասնությամբ վստահություն է հայտնում կառավարությանը, նախագահը հրապարակում է կառավարության նշանակման մասին ակտը, որից հետո վարչապետն ու նախարարները երդում են տալիս, և կառավարությունը պաշտոնապես սկսում է իր լիազորությունների իրականացումը։

Ի գիտություն՝ հուլիսի 3-ին Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտեանուն հայտարարել էր հրաժարականի մասին։ Մունտեանուի որոշումը, հավանաբար, կապված է վերջին օրերին Մոլդովայում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալների հետ։ Մասնավորապես, պարզվել է, որ Քաղաքացիական ավիացիայի անվտանգության գործակալության՝ MOLDATSA-ի ղեկավարը, ում այդ պաշտոնում նշանակել էր ներկայիս կառավարությունը, ունի համալսարանի կեղծ դիպլոմ, ինչպես նաև օդաչուի կեղծ լիցենզիա։

Նմանատիպ