Մայա Ցքիտիշվիլի. Մենք պարտավոր ենք պահել հավասարակշռությունը էկոնոմիկայի և բնակչության շահերի և վարակի տարածման կառավարման միջև
Որևէ սահմանափակում ցանկալի չէ որևէ բիզնեսի համար, և մեզ համար դժվար էր այս որոշումը կայացնելը, բայց կշեռքի մյուս կողմում մարդու առողջությունն ու կյանքն է,- այս մասին հայտարարել է փոխվարչապետ, շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին:
Այնուամենայնիվ, փոխվարչապետը նշել է, որ կառավարությունը, բիզնես ոլորտում աշխատող հազարավոր մարդկանց առողջության հետ մեկտեղ, հաշվի է առնում ծագած դժվարությունները և նրանց առաջարկում փոխհատուցման փաթեթ՝ օգնելու համար:
Ըստ Մայա Ցքիտիշվիլիի, մշակված աջակցության փաթեթի ընդհանուր արժեքը գերազանցում է մեկ միլիարդ հարյուր միլիոն լարին և ենթադրում է տարբեր տեսակի օժանդակություն:
«Ռեստորանային ոլորտի աշխատակիցներին, գործատուների խնդրանքով, կտրամադրվի միանվագ 300 լարի օգնություն: Օգնություն է տրամադրվում սոցիալապես անապահով խմբերին, ինչպես նաև նրանց, ովքեր կարող են տուժել տնտեսական ճգնաժամից: Մասնավորապես, եթե նրանք կորցնում են իրենց աշխատանքը, կամ նրանց եկամուտները նվազում են: Մեր կարծիքով, փոխհատուցման միջոցները գոնե մասամբ կթեթևացնեն այդ մարդկանց կյանքի պայմանները», – հայտարարել է Մայա Ցքիտիշվիլին:
Փոխվարչապետի խոսքով, բիզնեսին միտված փաթեթը ուղղված է զբոսաշրջության և ռեստորանայի ոլորտին, և նրանք 2021-ին կազատվեն գույքի հարկերից, ինչպես այս տարի:
«Մենք նաև կզրոյացնենք հետաձգված չորսամսյա եկամտահարկը, և բացի այդ, մեկ անգամ ևս, այս բիզնեսներին կառաջարկենք եկամտահարկի մասնակի սուբսիդիա վեց ամսվա ընթացքում», – հայտարարել է փոխվարչապետը:
Մայա Ցքիտիշվիլին նշել է, որ առկա ռեսուրսների պայմաններում կառավարությունը կօգտագործի բոլոր հնարավորությունները՝ օգնելու բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներին և միևնույն ժամանակ համագործակցելով բանկերի հետ՝ անհատական ռեժիմում նրանց վարկերը վերափոխելու ուղղությամբ:
«Սա դժվար հավասարակշռություն է, որը պարտավոր ենք պահել էկոնոմիկայի շահերի, բնակչության շահերի և վիրուսի տարածման կառավարման միջև», – հայտարարել է փոխվարչապետը:
Տեղեկատվությունը տարածում է շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը: