Մասուդ Փեզեշքիանի հայտարարությամբ՝ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ազդեցություն են ունենում երկրի տնտեսության վրա, թեև մինչ այդ Փեզեշքիանը պնդում էր, որ պատժամիջոցները չեն կարող ազդեցություն ունենալ
Իրանի նախագահը հայտարարում է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ազդեցություն ունեն երկրի տնտեսության վրա: Մասուդ Փեզեշքիանն այս մասին հայտարարել է այն բանից հետո, երբ ինքն իսկ պնդում էր, թե պատժամիջոցները չեն կարող ազդել Իրանի վրա:
«Ոմանք ասում են, թե պատժամիջոցներն ընդհանրապես ոչ մի ազդեցություն չունեն: Նման մարդկանց, իսկապես չգիտեմ, թե ինչ ասեմ», – հայտարարել է Փեզեշքիանը պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Իրանի նախագահի խոսքով՝ երկիրն այժմ «պատերազմական վիճակում է», և բնակչությունը պետք է հարմարվի ստեղծված իրավիճակին:
«Մենք պատերազմական վիճակում ենք և պետք է ընդունենք պատերազմի պայմանները», – նշել է Փեզեշքիանը:
Փեզեշքիանի հայտարարությամբ՝ վերջին ամիսներին Իրանի արտահանումն ու ներմուծումը նվազել են 25-35%-ով: Նրա խոսքով՝ իրավիճակն ավելի է ծանրացնում ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների ծովային շրջափակումը:
Իրանի նախագահը հայտարարում է, որ, հաշվի առնելով առևտրի նվազումը, երկրում բենզինի գինը պետք է բարձրանա: Փեզեշքիանը հարցազրույցում խոսել է նաև Հորմուզի նեղուցի հարցի մասին և հայտնել, որ Իրանը պատրաստ է երթուղու բացման շուրջ համաձայնության, եթե ԱՄՆ-ն կատարի որոշակի պայմաններ:
«Եթե ԱՄՆ-ն կատարի իր պարտավորությունները՝ հանի ծովային շրջափակումը, չեղարկի նավթի և նավթաքիմիական արտադրանքի պատժամիջոցները, ազատ արձակի Իրանի արգելափակված ֆինանսական միջոցները, սկսի ներդրումներ անել և ստիպի Իսրայելին դադարեցնել գործողությունները Լիբանանում ու պահպանել համաձայնեցված շրջանակը, այդ ժամանակ, բնականաբար, մենք էլ կբացենք Հորմուզի նեղուցով անցնող երթուղին՝ այն որոշումների հիման վրա, որոնք ներկայացնում են երկրի իշխանության քաղաքականությունը», – նշել է Փեզեշքիանը: