Մասուդ Փեզեշքիան. Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից

14:12, 04.07.2026

Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից,- այս մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

Փեզեշքիանի պնդմամբ՝ տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայությունը հաճախ ոչ թե լուծում, այլ բարդացնում է տարածաշրջանային խնդիրները։

Իրանի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանին վերջին հակամարտության ժամանակ համագործակցության համար և հույս հայտնել, որ համակողմանի երկկողմ համագործակցության մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները շուտափույթ կավարտվեն։ Փեզեշքիանի խոսքով՝ այս փաստաթուղթը կարող է նոր հնարավորություններ բացել փոխգործակցության համար՝ միաժամանակ ամրապնդելով համագործակցությունը մաքսային, տրանսպորտային, տարանցիկ, առևտրային և տնտեսական կապերի ոլորտներում։

Իր հերթին, Հայաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Իրանի ղեկավարությանը և ժողովրդին՝ հիշելով հանգուցյալ առաջնորդի հետ հանդիպումները։ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը Իրանի հետ բարեկամական հարաբերություններին և հայտարարել, որ Երևանը երբեք չի մասնակցի այնպիսի նախաձեռնությունների, որոնք հակասում են Իրանի անվտանգությանն ու ազգային շահերին։ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունները ներկայումս գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա՝ Հայաստանի անկախությունից ի վեր։

Նմանատիպ