Մարտի 15-ին Վրաստանի պաշտպանության ուժերը նշում են հրետանու օրը։ Վրացական հրետանու 30-ամյակը հանդիսավոր միջոցառումներով նշվել է Արևելյան և Արևմտյան հրամանատարություններում։
Վրաստանի ՊՆ տեղեկատվության համաձայն՝ հրամանատարների ներկայացուցիչները շնորհավորել են Վազիանիի հինգերորդ և Խոնիի վեցերորդ հրետանային բրիգադներում հրետանավորներին։ Միջոցառման շրջանակում զինծառայողները ծաղկեպսակ են դրել երկրի տարածքային ամբողջականության համար մղվող մարտերում և իրենց պարտքը կատարելիս զոհված հրետանավորների հուշակոթողին և հարգել զոհվածների հիշատակը։
Տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն։ Զինվորական անձնակազմին հանձնվել են մեդալներ, պատվոգրեր և հուշատախտակներ՝ անբասիր ծառայության և գերատեսչության զարգացման գործում ունեցած ավանդի համար։
Բաց դռների օր է անցկացվել նաև 5-րդ հրետանային բրիգադի հենակետում։ Թբիլիսիի մասնավոր դպրոցների աշակերտները ուսումնասիրել են ստորաբաժանման հրետանային տեխնիկան ու սպառազինությունը։ Զինվորական անձնակազմի հետ հրետանու օրվան նվիրված միջոցառմանը ներկա էին նաև նրանց ընտանիքի անդամները։