Մարնեուլիում և Բոլնիսիում հայտարարվել է կարանտին: Այս մասին կառավարության վարչակազմում տեղի ունեցած համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
«Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել, որ Մառնեուլի և Բոլնիսի շրջանները պետք է անցնեն խիստ կարանտինային ռեժիմի»,- ասել է վարչապետը:
Վարչապետի խոսքով, այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակված է 54 մարդ, 3 254-ը գտնվում է կարանտինում:
«Մարտի 21-ին հայտարարվել է արտակարգ դրություն: Այսօր մենք ունեցանք բարդ դեպք, Մառնեուլիում ունենք վարակված կին, որի վարակման աղբյուրը դեռևս բացահայտված չէ: Սա այն դեպքն է, որի մասին մենք խոսել ենք, որ սկսվելու էր ներքին տարածումը: Մեր համավարակաբանների կանխատեսմամբ, ներքին փոխանցումը տեղի է ունեցել ծիսական միջոցառման ժամանակ, որին մասնակցել են տասնյակ մարդիկ:
Իրավիճակը բարդ է, և սա այն հիմնական մարտահրավերն է, որը մենք անվանում ենք անցում դեպի տարածման նոր փուլ, որի համար պատրաստված ենք:
Չնայած այդ նախապատրաստմանը, իրավիճակը բարդ է: Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել, որ Մառնեուլիի և Բոլնիսիի շրջանները անցնում են խիստ կարանտինային ռեժիմի»,- ասել է Գիորգի Գախարիան:
Կարանտինը կապված է նոր կորոնավիրուսի տարածման հետ: Բացի այդ, մարտի 21-ից մեկ ամսով Վրաստանի ողջ տարածքում հայտարարված է արտակարգ դրություն: