Մարկո Ռուբիոն կարծում է, որ Իրանը պետք է հրաժարվի ուրանի հարստացումից, մինչդեռ Իրանի Արտաքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ Իրանը չի հանդուրժի ճնշման վրա հիմնված մոտեցումներ

22:43, 02.05.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը պետք է հրաժարվի ուրանի հարստացումից և հեռահար հրթիռների մշակման ծրագրից, ինչպես նաև պետք է թույլ տա տեսուչներին մուտք գործել ռազմական օբյեկտներ։

«Նրանք պետք է դադարեցնեն ահաբեկիչների աջակցությունը, օգնությունը հութիներին, հրաժարվեն հեռահար հրթիռների ստեղծումից, որոնք գոյություն ունեն միայն միջուկային զենք կրելու նպատակով։ Իրանը պետք է դադարեցնի հարստացումը», – նշել է Ռուբիոն։

Ինչպես «Ռոյթերս»-ին հայտնել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, շաբաթ օրը նախատեսված Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների չորրորդ փուլը, որը պետք է կայանար Հռոմում, հետաձգվել է, և նոր ամսաթիվը կհաստատվի՝ կախված ԱՄՆ-ի դիրքորոշումից։ Գործակալության անանուն աղբյուրի խոսքով՝ Իրանը իրավունք ունի ուրանի հարստացման։

Միևնույն ժամանակ, Իրանի Արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ Իրանը չի հանդուրժի սպառնալիքների և ճնշման վրա հիմնված մոտեցումներ։

«Իրանը, ընդգծելով դիվանագիտական ճանապարհի հավատարմությունն ու բանակցությունների շարունակման պատրաստակամությունը, չի հանդուրժի սպառնալիքների և ճնշման վրա հիմնված մոտեցումներ», – նշված է նախարարության հայտարարության մեջ։

Նմանատիպ