Մարկո Ռուբիոն հայտարարում է, որ բրիտանական ռազմաօդային բազայից ամերիկյան ռմբակոծիչների դուրսբերման և Իրանի ենթադրյալ դավադրության միջև ուղղակի կապ չկա

21:48, 05.10.2026
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ բրիտանական ռազմաօդային բազայից ամերիկյան ռմբակոծիչների դուրսբերման և Իրանի ենթադրյալ դավադրության միջև ուղղակի կապ չկա։
«Ռազմական դեպարտամենտը մշտապես բաշխում է ռեսուրսներն այնտեղ, որտեղ դրանց առկայությունն անհրաժեշտ է։ Տեղի են ունենում նաև կանոնավոր ռոտացիաներ»,- նշել է Մարկո Ռուբիոն։
Նրա պարզաբանմամբ՝ տեխնիկայի տեղաշարժը տարբեր տարածաշրջաններ զորավարժությունների և վերատեղակայման նպատակով անսովոր չէ։
«Անձնակազմերը մշտապես փոխվում են»,- պարզաբանել է ԱՄՆ պետքարտուղարը։
Լրագրողը Ռուբիոյին հարցրել է, թե արդյոք ԱՄՆ-ն դեռ վստահում է բրիտանական անվտանգությանն այդ բազայում, ինչպես նաև ընդհանուր առմամբ։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ն վստահում է իր բոլոր բազաների անվտանգությանը։
«Տեսականորեն, ցանկացած բազա ցանկացած պահի կարող է վտանգի ենթարկվել։ Հենց այդ պատճառով է դրանց շուրջ գործում անվտանգության նման հզոր համակարգ»,- հայտարարել է Մարկո Ռուբիոն։
Ռմբակոծիչները տեղակայված էին Մեծ Բրիտանիայում գտնվող RAF Fairford ռազմաօդային բազայում։ Դրանք վերջերս օգտագործվել են Իրանի դեմ հարվածների համար։ Անցյալ շաբաթ բազայի մոտակայքում ձերբակալվել է հինգ բրիտանացի տղամարդ, որոնց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական ակտեր նախապատրաստելու մեջ։ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» նախկինում այդ բազան նշել էր որպես թիրախ։

Նմանատիպ