Մարկո Ռուբիոն հայտարարում է, որ ԱՄՆ-ն ուշադրությամբ հետևում է Սիբիրում՝ Ժանտախտի հետազոտական ինստիտուտի աշխատակցի մահվան հետ կապված դեպքին

20:30, 05.10.2026

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությամբ՝ Միացյալ Նահանգներն ուշադրությամբ հետևում է Սիբիրում՝ Ժանտախտի հետազոտական ինստիտուտում լաբորատորիայի աշխատակցի մահվան հետ կապված դեպքին:  

«Մենք գիտենք այն, ինչ գիտենք: Ակնհայտ է՝ այն տեղեկատվության հիման վրա, որ տարածել է ռուսական կողմը: Ըստ երևույթին, լաբորատորիայի աշխատակիցը վարակված է եղել, և մտահոգություն կա, որ վարակը կարող էր, առնվազն, տարածվել լաբորատորիայի ներսում: Դուք տեսաք, որ նրանք կարանտին և նմանատիպ միջոցառումներ են կիրառել»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:  

Ինչպես նշել է Մարկո Ռուբիոն, այս դեպքը տագնապի հիմք չէ, սակայն մոնիտորինգ է պահանջում, ինչն էլ իրենք անում են:  

«ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, իհարկե, շատ սահմանափակ հաղորդակցություն կա, սակայն, ինչպես ցանկացած նմանօրինակ դեպքի ժամանակ, եթե նման բանը դուրս տարածվի, այն կարող է արագ տարածում գտնել: Այդ իսկ պատճառով մենք ուշադրությամբ հետևում ենք դրան և մոնիտորինգ իրականացնում: Չեմ կարծում, թե սա տագնապի հիմք է տալիս, սակայն պատճառ է իրադարձությունների զարգացմանն ուշադիր հետևելու համար, և մենք հենց դա էլ անում ենք»,- նշել է Ռուբիոն:  

Ռուսաստանում՝ Իրկուտսկի մարզում, ժանտախտից 28-ամյա կին է մահացել: Ստացիոնարը, որտեղ մահացել է պացիենտը, տեղափոխվել է կարանտինային ռեժիմի: Բժշկական հաստատությունը դադարեցրել է նոր պացիենտների ընդունումը և առկա պացիենտների դուրսգրումը:  

Տարածաշրջանային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մահացածը, հավանաբար, աշխատում էր լաբորատորիայում, որտեղ սեպտեմբերի 25-ին վնասվել էր ժանտախտի հարուցիչ պարունակող փորձանոթը: Այնուամենայնիվ, պաշտոնական գերատեսչությունները սույն վարկածը չեն հաստատում:  

Վարակվածի հետ շփում ունեցած շուրջ 200 մարդ գտնվում է հսկողության տակ:

Նմանատիպ