Մարկո Ռուբիոն առաջին արտասահմանյան այցով կայցելի Պանամա
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր առաջին արտասահմանյան այցով կժամանի Պանամա։ Այս մասին տեղեկություն է տարածում ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ այցն արտացոլում է Թրամփի վարչակազմի մտադրությունը՝ իր արտաքին քաղաքական էներգիայի մեծ մասը կենտրոնացնել ԱՄՆ-ի վրա։
«Associated Press»-ը գրում է, որ ներգաղթի սահմանափակումը և թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարը այս ջանքերի հիմնական տարրերն են, սակայն մեկ այլ առաջնահերթ խնդիր է Արևմտյան կիսագնդում Չինաստանի աճող ազդեցության նվազեցումը, որը ներառում է Պանամայի ջրանցքի նկատմամբ ԱՄՆ վերահսկողության վերականգնումը:
Այցից առաջ Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն ասել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն վարվի ջրանցքի սեփականության վերաբերյալ: Պանամայի նախագահը հույս ունի, որ Ռուբիոյի այցը կկենտրոնանա ընդհանուր շահերի վրա, ինչպիսիք են միգրացիան և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը։
Մարկո Ռուբիոն ասել է, որ Պանամայի ջրանցքը վերահսկողության տակ վերցնելու Թրամփի ցանկությունը պայմանավորված է ազգային անվտանգության օրինական շահերով: ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով՝ Մարկո Ռուբիոն, բացի Պանամայից, փետրվարի 1-6-ը կայցելի Էլ Սալվադոր, Կոստա Ռիկա, Գվատեմալա և Դոմինիկյան Հանրապետություն։