Մարկո Ռուբիո – Ուկրաինայում կրակի դադարեցման համաձայնագրի վերաբերյալ կա զգուշավոր լավատեսության հիմք, բայց դա հեշտ չի լինի
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությամբ՝ Ուկրաինայում կրակի դադարեցման համաձայնագրի վերաբերյալ զգուշավոր լավատեսության հիմք կա, բայց դա հեշտ չի լինի։
Ինչպես Ռուբիոն նշել է «Մեծ յոթնյակի» արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում, ԱՄՆ-ն զգում է, որ նրանք մի քանի քայլով ավելի մոտ են պատերազմի ավարտին։
«Շատ աշխատանք դեռ առջևում է», – ասել է Մարկո Ռուբիոն։
Միաժամանակ, Մարկո Ռուբիոն նշել է, որ նրանք ավելի շատ մանրամասներ կիմանան, երբ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը վերադառնա երկիր։
Լրագրողը Ռուբիոյին հարցրել է, թե որքան ժամանակ ունի Ռուսաստանի նախագահը՝ կրակի դադարեցմանը համաձայնելու համար։
Ռուբիոն նշել է. «Հարցը ոչ թե ժամանակի մասին է, այլ այն մասին՝ իրականում գնում ենք դեպի կրակի դադարեցում, թե՞ սա պարզապես ձգձգման տակտիկա է»։
Իսկ այն հարցին, թե արդյոք վստահում է Վլադիմիր Պուտինին, Մարկո Ռուբիոն պատասխանել է, որ դա անկարևոր հարց է, քանի որ խոսքը վերաբերում է ոչ թե վստահությանը, այլ գործողություններին։
«Եթե մենք լրջորեն ենք մոտենում արտաքին քաղաքականությանը, պետք է խուսափենք նմանատիպ քննարկումներից», – նշել է Մարկո Ռուբիոն։