Մարիուպոլից տարհանված Վրաստանի քաղաքացիները Լվովից կմեկնեն Լեհաստան
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Մարիուպոլ քաղաքից տարհանված Վրաստանի քաղաքացիները Լվովից կմեկնեն Լեհաստան։
«Պետությունը շարունակում է Ուկրաինայից տարհանված Վրաստանի քաղաքացիների՝ իրենց հայրենիք կազմակերպված վերադարձի և տեղում օգնություն ցուցաբերելու գործընթացը։ Այսօր Ռիվնո քաղաքից Լվովի ուղղությամբ կազմակերպվել է, Մարիուպոլից տարհանված Վրաստանի քաղաքացիների դուրսբերումը, որտեղից նրանք արդեն ուղեւորվում են Լեհաստան, մասնավորապես Վարշավա։
«Չնայած դժվարություններին, Ուկրաինայում Վրաստանի դեսպանատունը միշտ կապ է պահպանել Մարիուպոլում գտնվող Վրաստանի քաղաքացիների այս խմբի հետ»,- հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։
Նրանց տվյալներով՝ վերջին 24 ժամում Վրաստանի 60 քաղաքացի Ուկրաինայի տարածքից, մասնավորապես՝ Լվովից ու Օդեսայից կտեղափոխվի հարեւան պետություններ, որտեղից էլ կվերադառնան Վրաստան։
«Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուն պես Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները՝ ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ հարևան երկրներում, աշխատում են արտակարգ ռեժիմում։ Վրաստանի վարչապետի հրամանագրով նրանց հանձնարարվել է օգնություն ցուցաբերել Ուկրաինայից տարհանված Վրաստանի քաղաքացիներին եւ կազմակերպել նրանց հայրենադարձությունը։ Առկա տվյալների համաձայն՝ պետությունն ապահովել է ավելի քան 2000 քաղաքացիների կազմակերպված վերադարձը հայրենիք։
Նաև, ինչպես հայտնի է, պետությունը կապահովի Ուկրաինայում զոհված վրացի մարտիկների հայրենադարձությունը», – հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ում։