Մարիուպոլի ռազմական ճանապարհով ապաշրջափակումն այս պահին անհնար է. Վոլոդիմիր Զելենսկի
Մարիուպոլի ռազմական ճանապարհով ապաշրջափակումն այս պահին անհնար է,- այս մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ երկրի կառավարությունը փորձում է հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով։
Զելենսկին ասել է, «Ազովստալի» տարածքից զինվորականների դուրս բերման համար բանակցություններին ներգրավված են՝ Թուրքիայից, Իսրայելից և Շվեյցարիայից բանակցողներ, սակայն հարցի կարգավորման գործընթացին մասնակցում են նաև՝ Ֆրանսիան, ՄԱԿ-ը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:
«Անհնար է ռազմական ճանապարհով ապաշրջափակել Մարիուպոլ քաղաքը։ Այսօր դա անհնար է։ Մենք բացահայտ խոսել ենք այդ մասին։ Ուկրաինան չունի ծանր սպառազինություն Մարիուպոլը ռազմական ճանապարհով արգելափակելու համար: Դիվանագիտական ճանապարհը հանգեցրել է նրան, որ արգելափակված «Ազովստալ» գործարանից դուրս են բերվել խաղաղ բնակիչները: Ռուս զինվորականները, ռուսական բանակը, բանակի ղեկավարությունը և Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարությունը չեն ցանկանում ազատ արձակել մեր զինվորականներին։ Ռուսաստանը փոխարինում է զինվորականներին միայն այն դեպքում, եթե նրանք գերի են: Ահա այսպիսի իրավիճակ է: Սա Ռուսաստանի Դաշնության պատասխանն է: Այլ պատասխաններ չկան»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին։
«Ազովի» լեգեոնի հետախուզության սպա Իլյա Սամոյլենկոն առցանց ճեպազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարությունը չի կարողացել պաշտպանել Մարիուպոլը: «Մենք ակնկալում ենք կոշտ գործողություններ իրական հրադադարի համար»,- ասել է լեգեոնի հրամանատարի տեղակալ Սվյատոսլավ Պալամարը։ Նրա խոսքով՝ իրենք ոչ թե գովասանքի, այլ արդարության կարիք ունեն: