Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանի և Աբու Դաբիի նավահանգիստների խմբի տարածաշրջանային գործադիր տնօրենի հետ
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ահմեդ Ալ Նուայմիին և «Աբու Դաբի Փորց Գրուպ»-ի տարածաշրջանային գլխավոր տնօրեն Աբդուլազիզ Ալ Շամսիին։
Ինչպես հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը, քննարկվել են երկու երկրի տնտեսական համագործակցության առաջնահերթ ուղղությունները, հատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցությանը, այդ թվում՝ «Թբիլիսիի չոր նավահանգստի» նախագծի շրջանակում։
«Նշվել է, որ նման նախագծերը, ինչպիսին է «Թբիլիսիի չոր նավահանգիստը», նպաստում են Վրաստանի՝ որպես տրանսպորտա-լոգիստիկ հանգույցի ավելի բարձր դիրքավորմանը տարածաշրջանային մասշտաբով, ինչպես նաև Միջին միջանցքով լրացուցիչ բեռների ներգրավմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է «Թբիլիսիի չոր նավահանգստի» հետագա զարգացումը։ Նախագծի ամենախոշոր ներդրողը «Աբու Դաբի Փորց Գրուպ»-ն է։ Նշվել է, որ նախագծի զարգացումը նախատեսում է երեք փուլ՝ 286 000 քմ տարածքում։ Ներկայումս ավարտված և գործող է առաջին փուլը, որի շրջանակում արդեն իրականացվել է 21 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։
Հանդիպման ժամանակ ընդգծվել է Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների արդյունավետ համագործակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում։ Նշվել է, որ երկու երկրի տնտեսական հարաբերությունների խորացման վրա զգալի ազդեցություն է ունեցել համապարփակ տնտեսական համագործակցության համաձայնագրի ուժի մեջ մտնելը․ այս համաձայնագիրը վրաց արտադրողներին հնարավորություն է տալիս արտահանում իրականացնել արտոնյալ սակագներով, ինչը դրական է անդրադարձել երկկողմ առևտրաշրջանառության վրա։ Քննարկվել է նաև հետագա համագործակցության խորացման հնարավորությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տուրիզմը, քաղաքացիական ավիացիան, էներգետիկան և այլն։
Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Գուրամ Գուրամիշվիլին», – ասված է գերատեսչության հաղորդագրությունում։