Մարիամ Քվրիվիշվիլի. Վրաստանի ակտիվ մասնակցությունը ITB Berlin 2023-ին երկիրը կտանի դեպի նոր թիրախային շուկաներ
Բեռլինի ITB Berlin 2023 զբոսաշրջության լայնածավալ ցուցահանդեսը պաշտոնապես փակվել է։ Վրաստանը, որպես ցուցահանդեսի պաշտոնական հյուրընկալող երկիր, մանրամասն տեղեկատվություն է տրամադրել երկրի զբոսաշրջության ոլորտի ներուժի, ավանդույթների, հյուրընկալության և այլ տեսարժան վայրերի մասին ավելի քան 180 պետությունների ներկայացուցիչներին և մինչև 200 000 այցելուներին։
Ցուցահանդեսին Վրաստանի կարգախոսն էր «անսահման հյուրասիրություն»։ Ցուցահանդեսը լուսաբանել են աշխարհի տարբեր երկրների ԶԼՄ-ների շուրջ 5 000 ներկայացուցիչներ։
«Բեռլինի ցուցահանդեսում բացառիկ հետաքրքիր ու ընդգրկուն տաղավար ունեինք։ Մենք հյուրերին ներկայացրեցինք Վրաստանն իր յուրահատուկ մշակութային ժառանգությամբ, բնության հուշարձաններով, աչքի ընկնող բանահյուսությամբ, համեղ խոհանոցով և գինեգործության 8000-ամյա շարունակական պատմությամբ, ինչի շնորհիվ աշխարհն իրավամբ մեր երկիրն անվանում է գինու հայրենիք։ Միևնույն ժամանակ մենք կարող ենք հպարտանալ ժամանակակից ձեռքբերումներով՝ կայուն զարգացող հանգստավայրերով: Մենք ակտիվորեն աշխատում ենք, որպեսզի Վրաստանը դառնա զարգացած չորս սեզոնային տուրիստական երկիր, ինչի համար էլ ներդրումներ են կատարվում տարբեր ուղղություններով»,- ասաց փոխնախարարը։
Ըստ Մարիամ Քվրիվիշվիլիի՝ Վրաստանի՝ որպես հյուրընկալող երկրի մասնակցությունը ITB Berlin 2023-ին զգալիորեն կավելացնի միջազգային ճանապարհորդների թիվը Վրաստանում և հաջողությամբ երկիրը կհասցնի դեպի նոր թիրախային շուկաներ, այդ թվում՝ Գերմանիա և ԵՄ այլ երկրներ։
Նա նաև ընդգծել է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի աճի դինամիկան։
ITB 2023-ին վրացական ստենդը տեղակայված էր 1000 քառակուսի մետր տարածքում, որին մասնակցում էին վրացական 80 ընկերություններ։