Մարիամ Քվրիվիշվիլի. Ղազախստանից աճող զբոսաշրջային հոսքերի և պահանջարկի պատճառով «Air Astana»-ն ավելացնում է Ատիրաու-Թբիլիսի նոր ուղղությունը
Մարիամ Քվրիվիշվիլի. Ղազախստանից աճող զբոսաշրջային հոսքերի և պահանջարկի պատճառով «Air Astana»-ն ավելացնում է Ատիրաու-Թբիլիսի նոր ուղղությունը

Մայիսի 27-ից ղազախական «Air Astana» ավիաընկերությունը նոր ուղղություն է բացում Թբիլիսիի միջազգային օդանավակայանում․ ավիաընկերությունը Ատիրաու-Թբիլիսի երթուղով շաբաթական երեք չվերթ կիրականացնի։

Տնտեսության նախարարի տեղակալ Մարիամ Քվրիվիշվիլիի գնահատմամբ՝ Ատիրաու-Թբիլիսի օդային կապի ավելացումն ընդգծում է այն փաստը, որ ղազախստանցի զբոսաշրջիկների պահանջարկը դեպի Վրաստան աճում է։

«Ղազախստանը Վրաստանի համար զբոսաշրջության ամենաարագ զարգացող ուղղություններից մեկն է։ Մենք ակտիվորեն խթանում ենք մեր երկրի ճանաչելիությունը՝ Ղազախստանից ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավելու համար։ Նշենք, որ անցած տարին հաջող էր Ղազախստանից ժամանած զբոսաշրջիկների առումով։

Ուրախալի է, որ «Air Astana»-ն և «FlyArystan»-ը գործում են ինչպես Թբիլիսիի, այնպես էլ Քութայիսիի միջազգային օդանավակայաններում, և այժմ Ատիրաուից նոր ուղղություն է ավելացվում, ինչը ևս մեկ անգամ փաստում է Վրաստանի զբոսաշրջային արտադրանքի նկատմամբ ղազախստանցի զբոսաշրջիկների աճող հետաքրքրության մասին», – ասել է Մարիամ Քվրիվիշվիլին։

Նշենք, որ 2024 թվականին Ղազախստանից Վրաստան է այցելել 178 930 միջազգային զբոսաշրջիկ, իսկ ղազախական ավիաընկերությունների բաժինը շուկայում կազմել է 3.9%։

«Ղազախական ավիաընկերությունը ավելացնում է նոր ուղղություն և լրացուցիչ չվերթներ՝ աճող պահանջարկի պատճառով, ինչը կնպաստի զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, մեծ եկամուտներ կբերի զբոսաշրջային ոլորտին և կաջակցի փոքր, միջին և խոշոր ձեռնարկատերերին», – նշել է նախարարի տեղակալը։

Տնտեսության և կայուն զարգացման նախարարության տվյալներով՝ Կենտրոնական Ասիայի խոշորագույն ավիաընկերությունը՝ «Air Astana»-ն, ամառային սեզոնին Ալմաթի-Թբիլիսի ուղղությամբ կիրականացնի շաբաթական ինը ուղիղ չվերթ։

Նախարարության տվյալներով՝ հունիսից կվերսկսվեն Ալմաթի-Բաթումի սեզոնային չվերթները՝ շաբաթական երեք անգամ, իսկ հուլիս-օգոստոս ամիսներին ավիաընկերությունը նախատեսում է ավելացնել չվերթների քանակը՝ հասցնելով այն շաբաթական հինգի։

«Air Astana»-ն նաև հունիսից կվերսկսի Թբիլիսի-Աստանա չվերթները՝ շաբաթական երեք անգամ։

Ինչ վերաբերում է Քութայիսիի միջազգային օդանավակայանին, ապա Քութայիսից դեպի Ղազախստան չվերթներ է իրականացնում «Air Astana»-ի դուստր ընկերությունը՝ ցածրարժեք «FlyArystan»-ը, հինգ ուղղություններով։

Ամառային սեզոնին Ղազախստանի ուղղությամբ և հակառակ ուղղությամբ չվերթների քանակը կավելանա՝ շաբաթական 10-ից հասնելով 17-ի։

«FlyArystan»-ը Քութայիսիի միջազգային օդանավակայան է իրականացնում ուղիղ կանոնավոր չվերթներ Աստանայից, Ալմաթիից, Ատիրաուից, Ակտաուից և Շիմկենտից։

Ատիրաու-Թբիլիսի ուղղությամբ տոմսերի ձեռքբերումը արդեն հնարավոր է ավիաընկերության պաշտոնական կայքում՝ www.airastana.com։