Մարիամ Քվրիվիշվիլի. Չինաստան կանոնավոր չվերթները կվերականգնվեն 2023 թվականից
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջատար ավիաընկերություններից մեկը՝ China Southern Airlines-ը, կվերսկսի կանոնավոր օդային հաղորդակցությունը Վրաստանի ուղղությամբ։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Մարիամ Քվրիվիշվիլին չինական ավիաընկերության որոշման առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ։
«Լավ է, որ Չինաստանի հետ ուղիղ չվերթները կվերականգնվեն։ Չինաստանը Վրաստանի զբոսաշրջության ոլորտի առաջնահերթ ուղղություններից մեկն է։ Ավանդաբար, Չինաստանից ժամանած զբոսաշրջիկները առանձնանում են իրենց ծախսային հզորությամբ։ Համոզված եմ, որ ուղիղ չվերթները կնպաստեն ավելի շատ չինացի զբոսաշրջիկների ժամանմանը, դրական ազդեցություն կունենան նաև 2023 թվականին զբոսաշրջության և քաղաքացիական ավիացիայի ոլորտների զարգացման դինամիկայի վրա և լրացուցիչ խթան կդառնան առևտրի խորացման»,- ասել է Մարիամ Քվրիվիշվիլին։
Փոխնախարարի տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը, երկրի ավիացիոն քաղաքականությունը որոշող այլ գերատեսչություններ ակտիվորեն աշխատում են վրացական ավիաշուկա նոր ավիաընկերություններ ներմուծելու ուղղությամբ։ Նրա խոսքով, Վրաստանն ունի բոլոր հնարավորությունները քաղաքացիական ավիացիայի ոլորտում տարածաշրջանային տարանցիկ հանգույց դառնալու համար։
Հարկ է նշել, որ 2019 թվականին մինչև համավարակը Չինաստանից եղել է 48071 միջազգային այցելություն, ինչը 2018 թվականի համեմատ աճել է 50,9 տոկոսով, իսկ Չինաստանը 15 երկրների շարքում զբաղեցրել է տասնհինգերորդ տեղը։
Ուրումչի-Թբիլիսի-Ուրումչի ավիագծով կանոնավոր չվերթները կսկսվեն 2023 թվականի հունվարից։ Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությանը ներկայացված հայտի համաձայն՝ Ուրումչի-Թբիլիսի կանոնավոր չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ ամեն ուրբաթ, մինչև ձմեռային նավագնացության սեզոնի ավարտը՝ մինչև 2023 թվականի մարտի 25-ը։ China Southern Airlines ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Վրաստան 2020 թվականի հունվարին՝ «Covid-19» վարակի հետ կապված համաճարակի պատճառով։ Վերջին կանոնավոր չվերթը դեպի Վրաստան իրականացվել է 2020 թվականի հունվարի 23-ին։
Տեղեկությունը տարածում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։