Մարիամ Քվրիվիշվիլի. Ամռանը Սաուդյան Արաբիայից աննախադեպ բարձր զբոսաշրջային հոսք ենք ակնկալում
Էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպանի պաշտոնակատար Ամեր Օմար Ամերի հետ։
Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մարիամ Քվրիվիշվիլին և Ամեր Օմար Ամերը քննարկել են առաջիկա ամառային զբոսաշրջային սեզոնին ընդառաջ ընթացիկ հարցեր։ Հանդիպմանը մասնակցել է նաև Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավարի պաշտոնակատար Մեդեա Ջանիաշվիլին։ Ինչպես հանդիպման ժամանակ ընդգծել է Մարիամ Քվրիվիշվիլին, Վրաստանը զբոսաշրջիկների համար ամենաապահով և հյուրընկալ երկրներից է, ինչը տարեցտարի բերում է այցելուների ավելացման։ Միաժամանակ, երկուստեք, ակնկալիք կա, որ այս տարի ամառային զբոսաշրջային սեզոնին Վրաստան կայցելեն Սաուդյան Արաբիայի բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր աչքի են ընկնում բարձր ծախսերով։
«Մենք ակնկալում ենք, որ այս երկիրն այս տարի կունենա աննախադեպ բարձր զբոսաշրջային հոսք՝ ամառային զբոսաշրջային սեզոնին, ինչը պայմանավորված է նրանով, որ մենք հաջողությամբ ավարտել ենք բանակցությունները Վրաստանում գործող ավիաընկերությունների հետ և ակնկալում ենք ընդհանուր առմամբ 54 չվերթ՝ Թբիլիսիից Սաուդյան Արաբիա»,- ասել է Մարիամ Քվրիվիշվիլին։
Զբոսաշրջիկների համար ապահով միջավայրից զատ, փոխնախարարն ընդգծել է, որ մեր երկիրն առանձնանում է չորս սեզոններով, ինչը հատկապես գրավիչ է դարձնում ընտանեկան հանգստի համար, և այդ պատճառով Վրաստանում զբոսաշրջության դինամիկան տարեցտարի աճում է։ Նրա խոսքով, Սաուդյան Արաբիան Վրաստանի համար ռազմավարական կարևոր թիրախ երկիր է, որից եկող այցելուներն առանձնանում են բարձր ծախսերով։