Մարիա Զախարովան հայտարարում է, որ Ռուսաստանի համար անընդունելի է Ուկրաինայի ցանկացած ձևով անդամակցությունը ՆԱՏՕ-ին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանի համար անընդունելի է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը ցանկացած ձևով՝ լինի դա մասնակի, թե այլ ձևաչափով։
«Մենք մշտապես բացատրում ենք մեր դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ։ Մասամբ կամ առանց առանձին մասերի, ցանկացած ձևով Ուկրաինայի մուտքը Ատլանտյան դաշինք անընդունելի է Ռուսաստանի համար»,- ասել է Մարիա Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն այսպես է արձագանքել ՆԱՏՕ-ի նախկին ղեկավար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարությանը, ով ներկայացրել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի «մասնակի անդամակցության» գաղափարը, որպեսզի Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածը չվերաբերի Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներին։
«Ժամանակն է կատարել հաջորդ քայլը և Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕ։ Մեզ անհրաժեշտ է նոր եվրոպական անվտանգության ճարտարապետություն, որում Ուկրաինան կլինի ՆԱՏՕ-ի կենտրոնում»,- ասել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը։