Մարիա Զախարովան հայտարարում է, որ Ռուսաստանը հրաժարվում է մասնակցել Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին
Ռուսաստանը չի մասնակցի «խաղաղության երկրորդ գագաթնաժողովին», որը նախատեսում է անցկացնել Ուկրաինան, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի ներկայացուցիչները չեն մասնակցել և մտադիր չեն մասնակցել Բուրգենշտոկի գործընթացի շրջանակներում անցկացվող հանդիպումներին»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Զախարովան նաև մեղադրել է Ուկրաինային և միջազգային հանրությանը «Ռուսաստանին կապիտուլյացիայի վերջնագիր ներկայացնելու» մտադրության մեջ։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ խաղաղության հաջորդ համաշխարհային գագաթնաժողովի կազմակերպիչները պատրաստվում են Ռուսաստանին հրավիրել այդ հանդիպմանը։
Ինչպես նշել է Զելենսկին «Սի Էն Էն»-ին տված հարցազրույցում, Ուկրաինայի ուժեղացումն անհրաժեշտ է Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններում դիրքերը բարելավելու համար։
«Դիվանագիտական լուծումները լավ են, երբ դու ուժեղ ես, հակառակ դեպքում Պուտինը շահագրգռված չի լինի դադարեցնել պատերազմը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։