«Մանկական Եվրատեսիլ 2024»-ի հաղթող Անդրիա Փուտկարաձեն վերադարձել է Վրաստան
«Մանկական Եվրատեսիլ 2024»-ի հաղթող Անդրիա Փուտկարաձեն վերադարձել է Վրաստան։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Անդրիա Փուտկարաձեին դիմավորել են ընտանիքի անդամները, ընկերները, երկրպագուները և «Ռանինա» երաժշտական նախագծի մասնակիցները։
«Ես շատ ուրախ եմ։ Շատ ուրախ եմ, որ հերթական անգամ հաղթանակ բերեցի Վրաստանին։ Երբ ես այնտեղ էի, ինձ թվում էր, թե իսկապես երազում էի: Ես շատ ուրախ էի, շատ լավ է, որ օդանավակայանում ինձ դիմավորեցին ընկերներս»,- ասել է Անդրիա Փուտկարաձեն։
Հաղթող երգի հեղինակ Գիգա Կուխիանիձեի խոսքով, ինքը ակնկալում էր հաղթել այս տարվա Եվրատեսիլում։
«Իմ ոգեշնչումն Անդրիայի սիրելի պատմությունն ու սենտիմենտալ ակնարկներն էին, ով այս երգը ստեղծել է իր մտահղացմամբ։ Մայրիկիս, այսպես ասած, նվեր արեցինք, և ստացվեց այսպիսի տոնական հաջողություն։ Սպասում էինք, որ կհաղթենք, հիմա դա կարող եմ ասել։ Նախկինում չէի կարող ասել, բայց վստահ էի, որ Անդրիան տաղանդ ունի հմայելու ժյուրիին, ինչը եղավ։ Ըստ այդմ, դրա համար էլ նման երգ է գրվել։ Ես ընդհանրապես չէի վախենում, որ դա, այսպես ասած, պարային կամ բարձր տեմպային երգ չէ։ Ես հստակ գիտեի, թե ինչի վրա եմ հույս դրել: Շատ շնորհակալ եմ Անդրիային դրա համար, որ նա կարողացավ երգը կատարել 100 տոկոսով, ամենաբարձր մակարդակով և այն մատուցել ունկնդիրներին այնպես, ինչպես պետք է մատուցվի: Ես շատ հպարտ եմ Անդրիայով»,- ասել է Գիգա Կուխիանիձեն։
Եվրատեսիլում վրացական պատվիրակության ղեկավար Նաթիա Մշվենիերաձեի խոսքով, Հանրային հեռարձակման ստեղծագործական թիմը շատ մեծ ջանքեր է գործադրել Եվրատեսիլում նման արդյունքի հասնելու համար։
«Մանկական Եվրատեսիլն ավարտվեց։ Վրաստանը հաղթեց։ Անդրիա Փուտկարաձեն հաղթեց։ Բոլորին է հայտնի, որ մանկական Եվրատեսիլը Հանրային հեռարձակողի բացառիկ նախագիծն է։ Ուզում եմ շնորհավորել ողջ Վրաստանին, Հանրային հեռարձակման ստեղծագործական թիմը շատ տքնաջան աշխատեց այս արդյունքին հասնելու համար։ «Ռանինա» արտասովոր նախագիծը, ընդհանրապես, Եվրատեսիլ խումբը և ընդհանրապես Հանրային հեռարձակման խումբը. այս անխոնջ խումբը, իսկապես մշտական կապը Եվրոպական հեռարձակողների միության հետ, մշտական աշխատանքը բերեց հենց այս արդյունքին, որով մենք այսօր շատ ուրախ ենք։ Անդրիան շատ ուրախացրեց մեզ, պատվիրակությանը, ողջ Վրաստանին»,- նշել է Նաթիա Մշվենիերաձեն։
Անդրիա Փուտկարաձեն Վրաստանին չորրորդ հաղթանակը բերեց «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում 239 միավորով։ Այս արդյունքով Վրաստանը մրցույթի ռեկորդակիրն է։
Անդրիա Պուտկարաձեն ժյուրիի կողմից ստացել է 180 միավոր, իսկ առցանց քվեարկությունից՝ 59 միավոր։ Վրաստանի ներկայացուցիչը վաստակել է 12 միավոր 12 երկրներից։
Անդրիա Փուտկարաձեն հանդիսատեսին է ներկայացրել To My Mom երգը, որի հեղինակն է Գիգա Կուխիանիձեն։ Նրա հետ տեքստի վրա աշխատել է Մակա Դավիթայան։ Տեսահոլովակը նկարահանվել է հանրային հեռարձակողի կողմից, իսկ զգեստների հեղինակը Իզա Նադարեիշվիլին է։
Մանկական Եվրատեսիլ 2024-ն անցկացվել է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, որին մասնակցել է 17 երկիր։