Մամուկա Մդինարաձե. Մեծ հաճույքով կանցնեմ «Վրացական երազանքի» կողմից տրված բոլոր հանձնարարությունների կատարմանը, տարածաշրջանային քաղաքականության վարումն առաջնահերթություն է
Մեծ հաճույքով կանցնեմ բոլոր առաջադրանքների կատարմանը, ինչ առաջադրանք էլ որ լինի «Վրացական երազանքի» թիմի կողմից, – այս մասին հայտարարել է փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման նախարար Մամուկա Մդինարաձեն՝ ի պատասխան լրագրողի հարցի, որը վերաբերում էր նրա նոր պաշտոնին:
Նրա խոսքով՝ տարածաշրջանային քաղաքականությունը կառավարության կարևոր առաջնահերթություններից մեկն է:
«Տարածաշրջաններում շատ մեծ աշխատանք է արվում, որին համակարգված լավ կառավարում է պետք, բյուրոկրատական տարրերի կրճատում է պետք: Տարածաշրջանային քաղաքականության վարումը առաջնահերթություն է: Մարդկանց ընկալման մեջ էլ ինչ-որ պատճառով տարածաշրջանային զարգացումն ասոցացվեց սոցիալական, տեխնիկական և նմանատիպ հարցերի հետ, այնինչ սա պետք է լինի բաղադրիչներից մեկը, այլ ոչ թե միակը տարածաշրջանային քաղաքականության վարման մեջ: Բոլոր գերատեսչությունները, որոշակիորեն, տարածաշրջանային հարցերում պետք է լինեն հաշվետվողականության ձևաչափում պետական նախարարի և նրա աշխատակազմի հետ: Ուզում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնել Կախա Գուլեդանիին, ով կառուցեց այս նախարարությունը: Նրա ճիշտ կառավարումն առաջացրեց էլ ավելի մեծ հավակնություններ՝ ավելի բարձր մակարդակի անցնելու համար», – նշել է Մամուկա Մդինարաձեն:
Բացի այդ, Մդինարաձեի հայտարարությամբ՝ բացառված չէ, որ ապագայում տեղափոխվի նաև այլ ուղղությամբ, որտեղ ավելի շատ մարտահրավերներ կլինեն:
«Չեմ բացառում, որ իմ այս պաշտոնում գտնվելը երկար չտևի: Այստեղ էլ որոշակի հարցերի կարգավորումը, կառավարման հղկումը, ռելսերի վրա դնելը իմ հիմնական առաքելությունն է: Հետո, եթե այլ տեղ ավելի շատ մարտահրավերներ լինեն, հնարավոր է, տեղափոխվեմ այնտեղ», – նշել է Մդինարաձեն: