Մամուկա Մդինարաձե. Ինչ հայտարարություններ էլ որ հնչեն օկուպանտ երկրի կողմից, այս երկրի բոլոր իշխանությունների դիրքորոշումը կմնա անփոփոխ, Վրաստանը պետք է դառնա եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ
Մամուկա Մդինարաձե. Ինչ հայտարարություններ էլ որ հնչեն օկուպանտ երկրի կողմից, այս երկրի բոլոր իշխանությունների դիրքորոշումը կմնա անփոփոխ, Վրաստանը պետք է դառնա եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ

Ինչ հայտարարություններ էլ արվեն օկուպանտ երկրի կողմից, այս երկրի բոլոր իշխանությունների դիրքորոշումը կմնա անփոփոխ, Վրաստանը պետք է դառնա եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ,- Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանն ի պատասխան հայտարարեց «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն, համաձայն որի 2008 թվականին ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը այն մասին, որ Վրաստանը և Ուկրաինան կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, պետք է չեղյալ հայտարարվի:

Մդինարաձեի խոսքով՝ ինքը վստահ է, որ Վրաստանի գործընկերները՝ արևմտյան բարեկամները, կանեն հնարավոր ամեն ինչ և կարևոր դեր կխաղան Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման գործում։

«Ինչ հայտարարություններ էլ արվեն օկուպանտ երկրի կողմից, ես վստահ եմ, որ Վրաստանի եւ այս երկրի բոլոր իշխանությունների դիրքորոշումն անփոփոխ է լինելու։ Սահմանադրության մեջ գրված է, վրաց ժողովրդի կամքն է, որ Վրաստանը դառնա եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ, վաղ թե ուշ, և որքան հնարավոր է շուտ, դա պետք է տեղի ունենա, քանի որ մենք այլ ճանապարհ չունենք։ Այս երկիրը զարգացման հեռանկար ունի այստեղ՝ եվրոպական ընտանիքում։ Ուստի մեր կուրսն անսասան է լինելու՝ անկախ ցանկացած հայտարարությունից, ցանկացած դիրքորոշումից։

Ես նաև խորապես համոզված եմ, որ մեր գործընկերները, Արևմուտքի բարեկամները ամեն ինչ կանեն դրա համար և կարևոր դերակատարում կունենան։ Բնականաբար, օկուպացիայի հետ կապված իր նպատակներն ունեցող երկրի դիրքորոշումը կշարունակի այսպես արտահայտվել, բայց մեր երկիրը, ինչպես Ուկրաինան, երբեք չի ընդունի այն փաստը, որ իր տարածքի մի մասը օկուպացված է և ամեն ինչ կանի միանալու համար»,- ասել է Մամուկա Մդինարաձեն։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ի դեկտեմբերի 10-ին արված հայտարարությանը. «Բուխարեստի գագաթնաժողովի որոշման վերանայման վերաբերյալ երրորդ կողմի՝ Ռուսաստանի ցանկացած հայտարարություն, որը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, անընդունելի է»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։