Մամուկա Բախտաձեն և Իրակլի Կոբախիձեն ծաղկեպսակ են դրել Զվիադ Գամսախուրդիայի գերեզմանին
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն ծաղկեպսակ են դրել Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի գերեզմանին:
Կառավարության ղեկավարը և խորհրդարանի նախագահը Մթածմինդայի գրողների և հասարակական գործիչների պանթեոն են այցելել կառավարության անդամների, հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլիի, պաշտպանության նախարար Լևան Իզորիայի և խորհրդարանի փոխխոսնակ Զվիադ Գամսախուրդիայի հետ միասին:
Զվիադ Գամսախուրդիան ծնվել է 1939 թվականի մարտի 31-ին: Նա ազգային ազատագրական շարժման լիդերներից մեկն էր: Նրա անվան հետ է կապված Վրաստանի անկախության վերականգնումը: 1990 թվականի նոյեմբերի 14-ին տեղի ունեցած առաջին նիստին, նորընտիր Վրաստանի հանրապետության գերագույն խորհուրդը Զվիադ Գամսախուրդիային ընտրել է նախագահ: Նույն նիստին Վրաստանը կոչվել է «Վրաստանի հանրապետություն» և վերականգնվել է Վրաստանի դրոշը, օրհներգը և զինանշանը: Ավելի ուշ, 1991 թվականի մարտի 31-ին համընդհանուր հանրաքվեի արդյունքների հիման վրա, գերագույն խորհուրդը Զվիադ Գամսախուրդիայի գլխավորությամբ հայտարարել Վրաստանի անկախության մասին:
Զվիադ Գամսախուրդիան Վրաստանի նախագահ է ընտրվել 1991 թվականի գարնանը և 1992 թվականի սկզբին նրան վտարել են երկրից, ռազմական հեղաշրջման հետևանքով:
Վրաստանի առաջին նախագահը մահացել է Խոբիի շրջանի, Խիբուլա գյուղում, 1993 թվականի դեկտեմբերի 31-ին:
Լրատվությունն այս մասին տարածում է վարչապետի մամուլի ծառայությունը: