Մալդիվյան կղզիներում գտնվելու փոխարեն նախընտրում եմ Կիևի բանտը. Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր համար առավել նախընտրելի է կիևյան բանտը, քան հանգիստը Մալդիվյան կղզիներում:
Այս հայտարարությամբ Սաակաշվիլին ակնարկել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մասին, որն, ինչպես հայտնի է, ամանորյա կարճատև արձակուրդն անցկացրել է Մալդիվներում:
«Ինձ շատ ավելի հարազատ է կիևյան ձյունը, քան մնացյալ ամեն ինչ, նույնիսկ՝ Մալդիվները, եթե ինձ ուղարկեն այնտեղ մեկ տարով, նախագահական կղզի: Ես ավելի լավ է նստեմ այստեղ բանտում: Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ», – հայտարարել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին ուկրաինացի ուժայինները Սաակաշվիլիին ձերբակալելու փորձ են կատարել՝ հանցավոր կազմակերպություններին աջակցելու և հանցավոր գործունեության քողարկման գործի շրջանակներում: Սաակաշվիլիի կողմնակիցները կանխել են ձերբակալության փորձը: Գործչին ձերբակալել հաջողվել է երկու օր անց միայն: Դեկտեմբերի 11-ին կիևի դատարանն ազատ է արձակել նրան։