Մակա Բոճորիշվիլին Ստրասբուրգում հանդիպումներ է անցկացնում Եվրախորհրդարանում
Մակա Բոճորիշվիլին Ստրասբուրգում հանդիպումներ է անցկացնում Եվրախորհրդարանում

Եվրոպայի հետ ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլին և նախագահի առաջին տեղակալ Լևան Քարումիձեն աշխատանքային այցով գտնվում են Ստրասբուրգում:

Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակներում Մակա Բոճորիշվիլին և Լևան Քարումիձեն հանդիպումներ են ունեցել Եվրախորհրդարանում Վրաստանի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար՝ Մարինա Կալիորանդի, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի համանախագահ՝ Անդրիուս Կուբիլիուսի, Վրաստանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող՝ Սվեն Միքսերի, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում ասոցացման համաձայնագրերի աշխատանքային խմբի նախագահ՝ Նաչո Սանչես Ամորի, Եվրախորհրդարանում ռուսական պատվիրակության ղեկավար՝ Ռիչարդ Չարնեցկիի, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ՝ Վիոլա Ֆոն Կրամոնի և Պետրա Օստրևիչյուսի և Եվրոպական խորհրդարանի տարբեր քաղաքական խմբերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են Եվրամիության և Վրաստանի միջև համագործակցության օրակարգը և ապագա ծրագրերը, ինչպես նաև քննարկվել են Արևելյան գործընկերության գագաթնաժողովից հետո Եվրամիության և ասոցացված եռյակի միջև համագործակցության ամրապնդման ուղիները՝ Եվրամիության միասնական տնտեսական տարածքին ինտեգրվելու նպատակով:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները և Ռուսաստանից եկող սպառնալիքները։ Այս համատեքստում Վրաստանի հարցը պատշաճ կերպով արտացոլվել է Միասնական արտաքին և անվտանգության քաղաքականության (CFSP) և Միասնական անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) իրականացման վերաբերյալ բանաձևերում, որոնց վրա այժմ աշխատանքներ են տարվում Եվրախորհրդարանում։ Եվրախորհրդարանի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել նպաստել Վրաստանի Եվրամիությանը ինտեգրման գործընթացին և ակտիվորեն ներկայացնել Վրաստանի հարցը Եվրամիության օրակարգում և ընթացող քննարկումներում։

Եվրախորհրդարանի պատգամավորների հետ հանդիպումների շրջանակում ծրագրվել են կոնկրետ միջոցառումներ Վրաստանի խորհրդարանի և Եվրախորհրդարանի միջև համագործակցության ամրապնդման նպատակով, այդ թվում՝ եվրախորհրդարանականների առաջիկա այցերը Վրաստան և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումները Բրյուսելում։