Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ
Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ով պաշտոնական այցով գտնվում է Թբիլիսիում։

Արտգործնախարարության հաղորդմամբ, հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության և տարածաշրջանային համագործակցության հարցեր։

«Ընդգծվել է վրաց-ադրբեջանական քաղաքական երկխոսության դրական դինամիկան, առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ոլորտում ձեռք բերված առաջընթացը և ապագա համագործակցության հեռանկարները։

Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերի իրականացմանն ուղղված համատեղ ջանքերին, մասնավորապես, զրույցը շոշափել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու, Սև ծովի ստորջրյա էլեկտրահաղորդման մալուխի և կանաչ էներգետիկ միջանցքի զարգացման հնարավորությունները։ Նշվել է, որ տարանցիկ և լոգիստիկ գործառույթի ամրապնդմանն ուղղված նախագծերը հատուկ նշանակություն են ձեռք բերում Միջին միջանցքի՝ որպես ռազմավարական երթուղու զարգացման համատեքստում։

Տարածաշրջանում ընթացող գործընթացների քննարկման ընթացքում ընդգծվել է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության կարևորությունը։

Դրական է գնահատվել ընթացիկ տարվա ապրիլի 17-ի հանդիպումը։ Վրաստանի կողմից հյուրընկալված Վրաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ հանդիպումը արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով ևս մեկ անգամ հաստատում է Վրաստանի պատրաստակամությունը նպաստելու տարածաշրջանում կառուցողական և փոխշահավետ համագործակցության զարգացմանը և ընդհանուր շահերի բացահայտմանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական համագործակցության առկա եռակողմ ձևաչափին, որը կարող է հատուկ ներդրում ունենալ կայունության, բարգավաճման ապահովման և ռազմավարական ծրագրերի իրականացման գործում։

Քննարկվել են նաև Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության հեռանկարները և Միջին միջանցքի զարգացման ներուժը։ Նշվել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը պատրաստ են քաղաքական երկխոսության, գործարար կապերի և մարդկանց միջև շփումների հետագա զարգացմանը», – ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։