Մակա Բոճորիշվիլին և Գիորգի Խելաշվիլին հանդիպումներ են ունեցել Եվրախորհրդարանում
Մակա Բոճորիշվիլին և Գիորգի Խելաշվիլին հանդիպումներ են ունեցել Եվրախորհրդարանում

Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլին և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Գիորգի Խելաշվիլին սեպտեմբերի 12-15-ը այցելել են Ստրասբուրգ։

Աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ են կայացել Վրաստան-Եվրամիություն խորհրդարանական ասոցացման հանձնաժողովի համանախագահ Մարինա Կալիուրանդի, Վրաստանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Սվեն Միքսերի, ինչպես նաև քաղաքական տարբեր խմբերի և արտաքին գործերի, պաշտպանության և անվտանգության և մարդու իրավունքների հանձնաժողովների անդամների հետ:

Հանդիպումների շրջանակում կողմերը քննարկել են Վրաստան-Եվրամիություն համագործակցության հիմնական առաջնահերթությունները, Վրաստանի կողմից Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարման ընթացքը, Վրաստանի խորհրդարանում ստեղծված աշխատանքային խմբերի գործունեությունը, նախատեսվող օրենսդրական նախաձեռնությունները:

Նշվել է Վրաստանի համար եվրոպական հեռանկարը բացելու պատմական որոշումը և ընդգծվել Վրաստանի և Եվրամիության միջև քաղաքական երկխոսության խորացման կարևորությունը։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանում առկա անվտանգության մարտահրավերները։

Մակա Բոճորիշվիլին և Գիորգի Խելաշվիլին որպես հատուկ հյուրեր մասնակցել են Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինքի (The S&D Group’s Willy Brandt Steering Committee) ղեկավար կոմիտեի նիստին Եվրախորհրդարանում։

Վրացական պատվիրակությունը ներկա է գտնվել նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ելույթին խորհրդարանում, որտեղ Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան և Արևմտյան Բալկանների երկրները Եվրոպական ընտանիքի մաս են, նրանց ապագան Եվրամիությունում է, և Եվրամիությունը առանց նրանց ամբողջական չի լինի։