Մակա Բոճորիշվիլի. Վրաստանի ինքնիշխան ընտրությունն է՝ լինել Եվրամիության մաս, հուսով ենք, որ մոտ ապագայում մենք հնարավորություն կունենանք անդամակցության հետ կապված երկխոսության մեջ մտնել
Ես համոզված եմ, որ Վրաստանը պատկանում է եվրոպական մեծ ընտանիքին և նաև եվրոպական անվտանգության համակարգի մաս է կազմում։ Հուսով ենք, որ մոտ ապագայում մենք հնարավորություն կունենանք բաց երկխոսության մեջ մտնել անդամակցության գործընթացի հետ կապված,- հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին Ավստրիայի արտգործնախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերի հետ համատեղ ասուլիսում։
Բոճորիշվիլիի խոսքով, առանց երկխոսության շատ դժվար է շարունակել համագործակցությունը։
«Դա նաև Վրաստանի ինքնիշխան ընտրությունն է՝ լինել Եվրամիության մաս: Այս ընտրությունը հիմք հանդիսացավ 2022 թվականին Վրաստանի կառավարության հայտ ներկայացնելուն»,- նշել է Բոճորիշվիլին։
Բացի այդ, Մակա Բոճորիշվիլին շնորհակալություն է հայտնել Ավստրիայի արտգործնախարարին՝ տարբեր հարցերի շուրջ իր տեսակետները կիսելու համար։
«Անհրաժեշտ է գտնել լուծումներ և ուղիներ, որոնք կապահովեն կայուն խաղաղություն ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ եվրոպական տարածքում, ինչը անհրաժեշտ նախապայման է ապագա զարգացման համար։ Մենք Վիեննայում ենք, որտեղ գտնվում են բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կենտրոնակայանը։ Եվս մեկ անգամ շեշտում եմ՝ շատ կարևոր է, որ մենք բոլորս հարգենք միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը»,- նշել է Բոճորիշվիլին։