Մակա Բոճորիշվիլի. ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակության հետ քննարկել ենք հարաբերությունների վերագործարկման գործընթացում կարևոր հարցեր, ամսվա վերջին սպասում ենք ևս մեկ պատվիրակության
Մակա Բոճորիշվիլի. ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակության հետ քննարկել ենք հարաբերությունների վերագործարկման գործընթացում կարևոր հարցեր, ամսվա վերջին սպասում ենք ևս մեկ պատվիրակության

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Կոլտերի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի կառավարության վարչակազմը։

Կառավարության վարչակազմի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում հատուկ շեշտադրում է արվել կապակցվածության նշանակության և «Միջին միջանցքում» Վրաստանի դերի վրա։

«Վարչապետը վերահաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ վերագործարկելու երկկողմ հարաբերությունները, թարմացնելու ռազմավարական գործընկերությունը «մաքուր էջից»՝ կոնկրետ ճանապարհային քարտեզով, որը կողմնորոշված կլինի շոշափելի արդյունքների վրա»,- ասված է կառավարության վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Հանդիպման ավարտից հետո մեկնաբանություն է արել նաև Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ Պետքարտուղարության պատվիրակության հետ քննարկվել են այն հարցերը, որոնք առանցքային են երկու երկրների միջև հարաբերությունների վերագործարկման գործընթացում։

Մակա Բոճորիշվիլին նշել է, որ մայիսի վերջին սպասվում է ԱՄՆ-ից ևս մեկ պատվիրակության այց, որի շրջանակներում ավելի մանրամասն կքննարկվեն Վրաստանի և ԱՄՆ-ի համագործակցության հետագա քայլերը։

«Հատկանշական է, որ երկու կողմերն էլ գիտակցում են հարգանքի և պրագմատիկ համագործակցության վրա հիմնված հարաբերությունների շարունակման կարևորությունը։ Ուրախալի է, որ ամերիկյան կողմից հնչում են նույն ուղերձները, ինչ հնչեցվել են վրացական կողմից»,- հայտարարել է արտգործնախարարը։