Մակա Բոչորիշվիլին ճանաչողական հանդիպում է անցկացրել Վրաստանում Վիետնամի նորանշանակ դեսպանի հետ
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին ճանաչողական հանդիպում է անցկացրել Վրաստանում Վիետնամի նորանշանակ դեսպան Նգուեն Թան Լեի հետ (նստավայրը՝ ք. Աստանա)։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Վիետնամի միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարները։ Ընդգծվել է բարձր մակարդակի այցերի փոխանակման անհրաժեշտությունը, և այս համատեքստում նշվել է Վիետնամի փոխնախագահի նախատեսվող այցը Վրաստան։
«Ուշադրություն է հրավիրվել Վրաստանի տարանցիկ ներուժի և երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունների վրա։ Խոսքը վերաբերել է նաև մոտ ապագայում Վիետնամում Վրաստանի դեսպանատան բացման հարցին, ինչը զգալի իմպուլս կհաղորդի երկու երկրների միջև համագործակցությանը։
Վրաստանի արտաքին գործերի նախարարը Վիետնամի դեսպանին հաջողություն է մաղթել հետագա գործունեության մեջ»,- նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության մեջ։