Մակա Բոչորիշվիլին հանդիպել է իր սերբ գործընկերոջ հետ
Մակա Բոչորիշվիլին հանդիպել է իր սերբ գործընկերոջ հետ

Սերբիայի Հանրապետությունում պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին հանդիպել է իր սերբ գործընկեր Մարկո Ջուրիչին։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են Վրաստանի և Սերբիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցեր, ինչպես նաև երկկողմ երկխոսության խորացման հնարավորությունները։

Նշվում է, որ քննարկվել են ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման հեռանկարները, ինչպես նաև ներդրումային ծրագրերի իրականացումը երկու երկրում և այս ուղղությամբ փորձի փոխանակումը։

«Նախարարներն ևս մեկ անգամ հաստատել են երկու երկրի սուվերենության և տարածքային ամբողջականության հանդեպ հաստատակամ փոխադարձ աջակցությունը՝ Վրաստանի և Սերբիայի Հանրապետության միջազգային ճանաչում ստացած սահմանների շրջանակում։ Ընդգծվել են եվրաինտեգրման ճանապարհին առկա մարտահրավերները և այս ուղղությամբ հետագա աշխատանքի անհրաժեշտությունը», – նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում։

Վրաստանի արտգործնախարարը Սերբիայի Հանրապետությունում է Վրաստանի նախագահ Միխեիլ Քավելաշվիլու պաշտոնական այցի շրջանակում։