Մակա Բոճորիշվիլի. Վրաստանը ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությանը, մենք ողջունում ենք խաղաղության համաձայնագիրը, որը, հուսով ենք, շուտով կստորագրվի
Մակա Բոճորիշվիլի. Վրաստանը ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությանը, մենք ողջունում ենք խաղաղության համաձայնագիրը, որը, հուսով ենք, շուտով կստորագրվի

Մենք խոսեցինք տարածաշրջանում կայունության կարևորության մասին։ Վրաստանը ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությանը։ Մենք ողջունում ենք խաղաղության համաձայնագիրը, որի ստորագրումը, հուսով ենք, շուտով կտեսնենք, – այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Մակա Բոճորիշվիլու խոսքով՝ Վրաստանը անկեղծորեն շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմամբ։

«Մենք միշտ ասել ենք և հիմա էլ կրկնում ենք՝ Վրաստանը անկեղծորեն հետաքրքրված է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմամբ։ Ուրախ ենք, որ ապրիլի 17-ին հնարավորություն ունեցանք հյուրընկալելու եռակողմ հանդիպում։ Դա առաջին հանդիպումն էր այս ձևաչափով, երբ երեք երկրի նախարարների տեղակալները հավաքվեցին Թբիլիսիում և քննարկեցին տարածաշրջանային նշանակության հարցեր։ Մենք կարծում ենք, որ ունենք ներուժ այս ձևաչափով համագործակցությունը շարունակելու երեք երկրների միջև։

Տարածաշրջանում ընթացող գործընթացները, անշուշտ, շատ կարևոր են։ Այս համատեքստում կարևոր է մեր երկրների միջև համագործակցությունը, գործընկերությունը։ Որպես հնարավորություն կարող ենք դիտարկել այն աշխարհաքաղաքական իրադրությունը, որը այսօր կա՝ հաշվի առնելով Վրաստանի և Ադրբեջանի շահերը՝ զարգացնելու լայնածավալ համագործակցություն տարածաշրջանի այլ երկրների հետ և առավել արդյունավետ օգտագործելու այն ներուժը, որն ունեն մեր երկրները։

Կրկին շնորհակալություն այցի համար։ Հուսով եմ, այս տարի դեռ կտեսնվենք, կունենանք ինտենսիվ համագործակցության նոր հնարավորություններ և կքննարկենք բոլոր հարցերը, որոնք վերաբերում են մեր երկու երկրների բարեկամությանը, գործընկերությանը, համագործակցությանը և այդ համագործակցության առավել արդյունավետ կիրառմանը տարածաշրջանում», – ասել է Մակա Բոճորիշվիլին։