Մակա Բոչորիշվիլի. «Մեր կողմից լիակատար պատրաստակամություն կա ԱՄՆ-ի հետ քաղաքական երկխոսությունը շարունակելու համար, և նույնն ակնկալում ենք ԱՄՆ-ի կողմից»
«Մեր կողմից լիակատար պատրաստակամություն կա ԱՄՆ-ի հետ քաղաքական երկխոսությունը շարունակելու համար, և նույնն ակնկալում ենք ԱՄՆ-ի կողմից», – այս մասին Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հայտարարել է «Դղիս քրոնիկա» («Օրվա քրոնիկոն») հաղորդման ընթացքում։
Բոչորիշվիլիի հայտարարությամբ՝ Վրաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Դիասի նշանակումից հետո կայացած առաջին հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը։
Նրա գնահատմամբ՝ վերջին ամիսներին հարաբերությունների առողջացման ուղղությամբ դրական նշաններ են ուրվագծվել, ինչին զուգահեռ Վաշինգտոնի կողմից իրականացվում են գործողություններ, որոնք վրացական կողմին սեփական դիրքորոշումներըներկայացնելու հնարավորություն են տալիս։
«Վերջին ամիսներին դրական նշաններ կան մեր հարաբերությունների առողջացման ուղղությամբ։ Մենք բազմիցս ասել ենք մեր դիրքորոշումը, թե ինչ ենք ակնկալում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում։ Մեր ցանկությունն է, որ այս հարաբերությունը լինի փոխադարձ հարգանքի վրա հիմնված, առողջ, և ռազմավարական գործընկերությունը հագեցած լինի բովանդակությամբ։ Անշուշտ, մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ ամերիկյան կողմի հետ», – նշել է Բոչորիշվիլին։
Նրա հայտարարությամբ՝ երկու կողմերն էլ համամիտ են, որ ռազմավարական գործընկերության նոր փուլը պետք է սկսվի «մաքուր էջից»։
«Երկու կողմերս էլ կիսում ենք այն տեսակետը, որ ռազմավարական գործընկերության մասին խոսելը պետք է սկսենք մաքուր էջից։ Նաև գտնում ենք, և սա նույնպես կիսում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմի հետ, որ մեր ռազմավարական գործընկերությունը պետք է հագեցած լինի կոնկրետ բովանդակությամբ. թե ինչպես և ինչ կլինի բովանդակությունը, դա դիվանագիտական աշխատանքի և քաղաքական երկխոսության առարկա է», – հայտարարել է Բոչորիշվիլին։
Նախարարը նաև նշել է, որ Վրաստանի կողմից առկա է լիակատար պատրաստակամություն՝ շարունակելու քաղաքական երկխոսությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, և Թբիլիսին նույնանման պատրաստակամություն է ակնկալում նաև ամերիկյան կողմից։