ՄԱԿ-ում հայտարարել են, որ անհանգստացած են Գազայի բնակիչների կոլեկտիվ պատժից՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի դաժան հարձակումների
ՄԱԿ-ը նշում է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմում ռազմական հանցագործություններ են կատարվում։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի խոսնակ Ռավինա Շամդասանին ասել է, որ ՄԱԿ-ը մտահոգված է Գազայում բնակվող մարդկանց հավաքական պատժով ՀԱՄԱՍ-ի դաժան հարձակումներին ի պատասխան։
«Մենք մտահոգված ենք, որ տեղի են ունենում ռազմական հանցագործություններ։ Մենք անհանգստացած ենք Գազայի ժողովրդի կոլեկտիվ պատժից՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի դաժան հարձակումների, որոնք նույնպես համարվում են ռազմական հանցագործություններ։ Կոլեկտիվ պատիժը ռազմական հանցագործություն է: Իսրայելի կողմից Գազայի ողջ բնակչության կոլեկտիվ պատիժը պետք է անհապաղ դադարեցվի: Պաղեստինյան զինված խմբավորումների հարձակումները, ներառյալ չկառավարվող հրթիռների արձակումը Իսրայելի ուղղությամբ, պետք է դադարեցվեն: Նրանք պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն բոլոր քաղաքացիական անձանց, ովքեր գերի են ընկել և դեռ կալանքի տակ են։ Պատանդ վերցնելը նույնպես ռազմական հանցագործություն է»,- ասել է Ռավինա Շամդասանին։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտարարել էր, որ հոկտեմբերի 7-ին հնարավոր ռազմական հանցագործությունների հետաքննություն է սկսվել։