ՄԱԿ-ում գտնում են, որ սակագների սահմանումը զարգացող երկրների համար կարող է ունենալ աղետալի հետևանքներ
Սակագների սահմանումը զարգացող երկրների համար կարող է աղետալի հետևանքներ ունենալ, – այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի առևտրի գործակալության Միջազգային առևտրի կենտրոնի գործադիր տնօրեն Պամելա Քոուք-Համիլթոնը։
Նրա խոսքով՝ սակագները կարող են զարգացող երկրների համար ավելի վնասակար լինել, քան միջազգային օգնության դադարեցումը։
Միջազգային առևտրի կենտրոնի տվյալներով՝ գլոբալ առևտուրը կարող է նվազել 3.7%-ով, իսկ համաշխարհային ՀՆԱ-ն՝ 0.7%-ով մինչև 2040 թվականը։
«Եթե այս սակագնային էսկալացիան Չինաստանի և ԱՄՆ-ի միջև շարունակվի, դա կհանգեցնի երկու երկրների միջև առևտրի 80%-ով կրճատմանը։ Դրա ալիքային ազդեցությունը բոլոր ուղղություններով կարող է լինել աղետալի, քանի որ մենք այլևս չենք ապրում այնպիսի աշխարհում, որտեղ միակողմանի առևտուր է։ Դա կազդի ամեն ինչի վրա՝ մատակարարման շղթաների երկայնքով առևտրային հարաբերությունների փոփոխության միջոցով», – նշել է կազմակերպության ներկայացուցիչը։
Այս շաբաթ Դոնալդ Թրամփը 90 օրով դադարեցրել է սակագների կիրառումը տասնյակ երկրների համար, սակայն մինչև 145%-ով բարձրացրել է Չինաստանից ներմուծվող ապրանքների սակագները։ Այսօր Չինաստանը հայտարարել է, որ ամերիկյան ապրանքների ներմուծման հարկը բարձրացնում է մինչև 125%։