ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում ռուսական ագրեսիայի հետևանքով զոհվել է 11743 խաղաղ բնակիչ
ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում ռուսական ագրեսիայի հետևանքով զոհվել է 11743 խաղաղ բնակիչ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը թարմացված տվյալներ է հրապարակել Ուկրաինայում ռուսական ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված և վիրավորված խաղաղ բնակիչների թվի վերաբերյալ։ Զեկույցի համաձայն՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2024 թվականի օգոստոսի վերջը վիրավորված ուկրաինացի խաղաղ բնակիչների թիվը կազմել է առնվազն 24 614, իսկ զոհվածներինը՝ 11 743։

«2024 թվականի օգոստոսին Ուկրաինայում առնվազն 184 խաղաղ բնակիչ է զոհվել, 856-ը՝ վիրավորվել՝ այս ամիսը դարձնելով 2024 թվականի երկրորդ ամենամահաբեր ամիսը հուլիսից հետո», – նշում են ամենամսյա զեկույցի հեղինակները։

Նրանց տվյալներով՝ հուլիսին առնվազն 219 խաղաղ բնակիչ է զոհվել, եւս 1018-ը՝ վիրավորվել։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի բաժինը խաղաղ բնակչության շրջանում զոհերի աճը կապում է Ռուսաստանի կողմից հաճախակի զանգվածային հարձակումների հետ։

Զեկույցի հեղինակներն առանձնացնում են օգոստոսի 26-ին Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա իրականացված լայնածավալ համակարգված հարձակումը։ Այս հարձակման հետեւանքով Ուկրաինայի 15 շրջաններում վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքները։ Հարձակման հետևանքով զոհեր են եղել Ուկրաինայի տասը շրջաններում և Կիևում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ սա 9-րդ նման հարձակումն էր 2024 թվականի մարտի 22-ից ի վեր։

Նույն հաղորդագրության համաձայն՝ միայն օգոստոսին ռուսական հարձակումների հետեւանքով ավերվել է 13 ուսումնական հաստատություն, վնասվել՝ 38։ Նաև ավերվել է երկու բուժհաստատություն, վնասվել է 28-ը։

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Ուկրաինայում ռուսական լայնածավալ պատերազմի ժամանակ ընդհանուր առմամբ զոհվել է 5692 տղամարդ, 3534 կին, 338 անչափահաս տղա և 275 աղջիկ։ Ռուսական ագրեսիայի հետևանքով զոհված 28 երեխաների և 1876 մեծահասակների սեռը դեռ չի որոշվել։